ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 2,68 միլիարդ դոլարի հակաօդային պաշտպանության սարքավորումների և սպառազինության հնարավոր վաճառքին (ՀՕՊ համակարգերի արդիականացման նպատակով), հայտնում է CBS News-ը։
Այս որոշումը դեռևս չի նշանակում, թե պայմանագիրն արդեն կնքվել է. նախատեսվող գործարքը դեռ պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսում։
Ըստ Պետդեպարտամենտի ծանուցման՝ ուկրաինական իշխանությունները հայցել են S-300 Clone տեսակի հրթիռներ, GAM-67 հրթիռներ և լազերային ուղղորդմամբ հեռահար հրթիռային համակարգեր, ինչպես նաև տարբեր արձակման կայանքներ, անօդաչուների դեմ պայքարի ռադիոլոկացիոն համալիրներ, տրանսպորտային միջոցներ, կցորդներ և պահեստամասեր։
Ամերիկյան գերատեսչությունում նշել են, որ գործարքի կնքման դեպքում Ուկրաինան այն ֆինանսավորելու է եվրոպական հատկացումների, ինչպես նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք տրամադրված Foreign Military Financing (Արտասահմանյան ռազմական ֆինանսավորում) ծրագրի միջոցներով։
Հնարավոր վաճառքի հաստատումը տեղի է ունեցել Ուկրաինայի ուղղությամբ ռուսական նոր օդային հարվածների ֆոնին։ Վերջին ամիսներին Կիևը բազմիցս բախվել է ՀՕՊ համակարգերի զինամթերքի պակասի խնդրին։ Reuters-ի տվյալներով՝ կալանիչ հրթիռների, մասնավորապես՝ ամերիկյան Patriot համակարգերի արկերի դեֆիցիտը շարունակում է մնալ ուկրաինական հակաօդային պաշտպանության առանցքային խնդիրներից մեկը։
Վաշինգտոնն այս որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը ստորագրելու հաջորդ իսկ օրը։
Փաստաթուղթն ընդլայնում է Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցային և մաքսային լիազորությունները՝ նախատեսելով մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների դեմ, որոնք նավթի կամ գազի կգնեն Ռուսաստանից։





























