Եվրոպան և ՆԱՏՕ-ն առայժմ բավարար չափով պատրաստ չեն ժամանակակից օդային պատերազմի, իսկ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի կիրառման տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող է հակաօդային պաշտպանության ներկայիս ծրագրերը հնացած դարձնել արդեն 2027 թվականի կեսերին։ Այս մասին Վաշինգտոնում The Guardian-ի հարցազրույցում հայտնել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում անօդաչուների կիրառմամբ պատերազմի վարման տեխնոլոգիաները զարգանում են «կայծակնային արագությամբ»։ Ռինկևիչսը նշել է, որ լուրջ խնդիրները շարունակում են պահպանվել հակաօդային, հակադրոնային և հակահրթիռային պաշտպանության ոլորտներում։
Լատվիայի նախագահը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ շատ երկրներ այսօր կբախվեին լուրջ դժվարությունների՝ իրենց տարածքի նկատմամբ Ռուսաստանի կողմից նույնիսկ սահմանափակ հրթիռային հարվածը հետ մղելու դեպքում։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ չի սպասում Ռուսաստանի սովորական ռազմական ներխուժմանը Բալթյան երկրներ, սակայն կոչ է արել զգոն մնալ այլ հնարավոր սցենարների նկատմամբ։
Ուկրաինայում պատերազմի ֆոնին եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները բախվում են ՀՕՊ համակարգերի համար կենսական նշանակության հրթիռների, այդ թվում՝ Patriot-ի մատակարարումների ուշացումներին։ ԱՄՆ-ը նույնպես որոշ տեսակի որսիչ հրթիռների պակաս է զգում Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում պաշարների զգալի ծախսից հետո։ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալների հիման վրա կազմված վերլուծության մեջ բերված գնահատականների համաձայն՝ պաշարների վերականգնումը կարող է տևել առնվազն հինգ տարի։
Վաշինգտոնը դիտարկել էր Ուկրաինային և եվրոպական երկրներին Patriot-ի համար հրթիռների արտադրության մի մասը փոխանցելու հնարավորությունը, սակայն համաձայնագիր դեռ չի կնքվել։ Ռինկևիչսը նշել է, որ Եվրոպայում կան սեփական արտադրական հնարավորություններ, սակայն Patriot-ը անվանել է օդային սպառնալիքների դեմ պայքարի ամենաարդյունավետ համակարգերից մեկը։
Լատվիայի նախագահի նախազգուշացումները հնչել են այն ֆոնին, երբ եվրոպական երկրներում աճում է մտահոգությունը Ուկրաինայից դուրս ռուսական ագրեսիայի հնարավոր ընդլայնման վերաբերյալ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող է փորձել անօդաչուներով կամ հրթիռներով հարվածներ հասցնել ՆԱՏՕ այն երկրներին, որոնք աջակցում են Ուկրաինային, որպեսզի ստուգի դաշինքի պատրաստակամությունը՝ կիրառելու կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը։
Ռինկևիչսը կարծում է, որ Մոսկվան առաջիկա ամիսներին կարող է ուժեղացնել մոբիլիզացիան, իսկ ձմռանը փորձել ակտիվացնել գործողություններն Ուկրաինայում և միաժամանակ ճնշում գործադրել Կիևին աջակցող երկրների վրա։ Միևնույն ժամանակ, Լատվիայի նախագահը հայտարարել է, որ դիվերսիաները, կիբեռհարձակումները, ինչպես նաև անօդաչուների և հրթիռների հետ կապված միջադեպերն արդեն իսկ, նրա գնահատմամբ, վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ստուգում է Եվրոպայի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի աջակցությունը։
Նա նաև նշել է, որ եվրոպական երկրները ժամանակի պահանջ կուենան անհրաժեշտ պաշտպանական հնարավորություններ ստեղծելու համար։ Ռինկևիչսի խոսքով՝ պաշտպանության ծախսերի ավելացումն ու անվտանգության ոլորտում Եվրոպայի ինքնուրույնության ամրապնդումը պահանջում են ոչ թե ամիսներ, այլ ավելի երկար ժամանակահատված։





























