ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտնել է «Արհեստական բանականության ուժեր» հատուկ կառույցի ստեղծման մասին, որը կզբաղվի արհեստական բանականության հարցերով՝ ԱՄՆ Տիեզերական ուժերի նմանությամբ։

Նրա խոսքով՝ առաջիկայում նա նաև կհայտարարի արհեստական բանականության «թագավորի» նշանակման մասին։

«Այդ նպատակով ես ստեղծում եմ Արհեստական բանականության ուժերը, ինչպես ժամանակին ստեղծեցի Տիեզերական ուժերը, որոնք իմ առաջին ժամկետում դարձան հսկայական հաջողություն», — գրել է Թրամփն իր սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նոր կառույցը կնպաստի արհեստական բանականության ոլորտի զարգացմանը, իսկ իշխանությունները միաժամանակ կհետևեն օրենքի հնարավոր խախտումներին։

«Մենք ոչ մի դեպքում չենք խոչընդոտի կամ զսպի այս անհավանական ոլորտի աճը։ Ընդհակառակը՝ մենք կգնահատենք այն, կօգնենք նրան և կհետևենք նրան նրա զարգացման ընթացքում», — հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ հնարավոր չարաշահումների դեմ պայքարի համար արդեն գոյություն ունեցող քրեական և քաղաքացիական արդարադատության համակարգը բավարար կլինի։ Միևնույն ժամանակ, նախագահը հայտարարել է, որ ԱԲ ուղղության ղեկավարի պաշտոնի թեկնածուն պետք է ունենա «բարձր IQ»։

Թրամփը արհեստական բանականությունն անվանել է «հաջորդ արդյունաբերական հեղափոխություն» և դրա հնարավոր ազդեցության մասշտաբը համեմատել ինտերնետի հայտնվելու հետ։ Նրա գնահատմամբ՝ հեռանկարում ԱԲ-ն կարող է ապահովել ԱՄՆ ՀՆԱ մինչև 25 տոկոսը։

Նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը այժմ արհեստական բանականության ոլորտում առաջ է անցնում Չինաստանից և այլ երկրներից և մտադիր է պահպանել այդ առավելությունը։

Հրապարակման զգալի մասը Թրամփը նվիրել է իր քաղաքական ընդդիմախոսների քննադատությանը։ Նա Ռուսաստանի, Ուկրաինայի, գլոբալ տաքացման և իմփիչմենթների հետ կապված հետաքննություններն ու քաղաքական վեճերն անվանել է մի ամբողջ շարք «խաբեություններ» (hoaxes), իսկ ԱԲ կարգավորման շուրջ ներկա քննարկումը համեմատել է «գլոբալ տաքացում» տերմինը «կլիմայի փոփոխություն» ձևակերպմամբ փոխարինելու հետ։

Թրամփի խոսքով՝ նախկինում ԱԲ քննադատները փորձում էին հանդես գալ տվյալների մշակման կենտրոնների կառուցման դեմ, սակայն այս արշավը, ինչպես պնդում է նա, զգալիորեն ձախողվել է։ Նախագահը նման կենտրոնների զարգացումը կապել է աշխատավարձերի աճի, հարկերի նվազման և այն հանրույթներում անվտանգության բարձրացման հետ, որտեղ դրանք տեղակայվում են։