ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը վճռել է, որ ներգաղթի ծառայությունները պարտավոր են կալանավորվածներին «իրական հնարավորություն ընձեռել»՝ վիճարկելու արտաքսումն այն երկրներ, որոնց հետ նրանք որևէ կապ չունեն։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Այս որոշումը լուրջ խոչընդոտ է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության համար, որը թույլ է տալիս միգրանտներին ուղարկել ոչ թե իրենց ծագման, այլ այսպես կոչված՝ երրորդ երկրներ։

Վճիռը կայացրել է Բոստոնում տեղակայված՝ ԱՄՆ Առաջին շրջանի վերաքննիչ դատարանը։ Այն մեծամասամբ ուժի մեջ է թողել շրջանային դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը, որով նման պրակտիկան ճանաչվել էր անօրինական։

Խոսքն ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (DHS) կողմից անցյալ տարի սահմանված կանոնների մասին է։ Դրանք թույլ էին տալիս իշխանություններին առանց նախնական ծանուցման միգրանտներին արտաքսել երրորդ երկիր, եթե տվյալ պետությունը Պետքարտուղարությանը երաշխավորում էր, որ արտաքսվածներն այնտեղ չեն ենթարկվի հալածանքների կամ խոշտանգումների։ Եթե նման երաշխիքներ չէին լինում, ապա կալանավորվածները պետք է որոշակի ծանուցում ստանային։

Վերաքննիչ դատարանը որոշել է, որ այս ընթացակարգերը բավարար չեն։ Ըստ դատավորների՝ այն երկիր արտաքսումը վիճարկելու մարդու իրավունքը, որտեղ նա վախենում է հալածանքների ենթարկվելուց, իմաստազրկվում է, եթե նրան նախապես չեն տեղեկացնում արտաքսման ենթադրյալ վայրի մասին և թույլ չեն տալիս ներկայացնել իր առարկությունները։

«Մարդու իրավունքը՝ վիճարկելու արտաքսումն այն երկիր, որտեղ հալածանքների ենթարկվելու վտանգ կա, գրեթե ոչինչ չարժե, եթե նա նախապես չի ծանուցվում արտաքսման նախատեսվող վայրի մասին և զրկված է այդ որոշումն իրականում բողոքարկելու հնարավորությունից», - ասված է դատարանի վճռում։

Ներգաղթի հարցերով դատական վեճերի ազգային դաշինքը, որը մասնակցում էր DHS-ի քաղաքականության դեմ հայցին, հայտարարել է, որ դատարանը հստակեցրել է մի կարևոր հանգամանք. իշխանությունները չեն կարող շրջանցել հալածանքներից ու խոշտանգումներից պաշտպանող երաշխիքները՝ պարզապես փոխելով արտաքսման նպատակակետ-երկիրը։

DHS-ի իրավական հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Փերսիվալը, սակայն, նշել է, որ երրորդ երկրներ արտաքսելու քաղաքականությունը շարունակում է գործել, քանի որ դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Նրա խոսքով՝ եթե անձը բարձրաձայնում է իր ծագման երկրում սպառնացող վտանգի մասին, DHS-ն իրավունք ունի նրան ուղարկել այլ պետություն։

Ակնկալվում է, որ Թրամփի վարչակազմն այս որոշումը կբողոքարկի ԱՄՆ Գերագույն դատարանում։

Ներկայիս վարչակազմի օրոք ԱՄՆ-ը երրորդ երկրներ արտաքսելու շուրջ համաձայնագրեր է կնքել ավելի քան 30 պետությունների, այդ թվում՝ աֆրիկյան երկրների հետ։ Որոշ դեպքերում միգրանտներին ուղարկում են երրորդ երկիր այն պատճառով, որ դատական վճիռն արգելում է նրանց ուղիղ հայրենիք արտաքսել, բայց չի արգելում ընդհանրապես երկրից վտարելը։

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներով՝ Թրամփի այս քաղաքականության մեկնարկից ի վեր ավելի քան 25 հազար միգրանտ է արտաքսվել երրորդ երկրներ։ Նրանց մոտ 80 տոկոսն ուղարկվել է Մեքսիկա։

Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներից մի խումբ միգրանտների մասին, որոնց օգոստոսին ուղարկել էին Լիբերիա։ Ըստ արտաքսվածների՝ ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցները նախապես չէին զգուշացրել իրենց, որ նշանակման վայրը լինելու է Լիբերիան, և հնարավորություն չէին տվել նմանատիպ արտաքսումը բողոքարկելու համար։