Հայաստանում սահմանվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով ու որոշումներով նախատեսված արդարացի փոխհատուցման վճարման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը։

Կառավարության որոշմամբ հստակեցվում է արդարացի փոխհատուցման գումարների տրամադրման ընթացակարգը և սահմանվում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք դիմումատուն, նրա ներկայացուցիչը կամ իրավահաջորդը պետք է ներկայացնեն գումարը ստանալու համար։ Դրանց թվում են դիմումը, բանկի կողմից տրված հաշվեհամարի տեղեկանքը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

Նշվում է, որ փոխհատուցում ստանալու գործընթացում գործնականում առաջանում էին խնդիրներ՝ կապված փաստաթղթերը թերի կամ ուշացումով ներկայացնելու հետ։ Արդյունքում վարչապետի աշխատակազմը հաճախ հնարավորություն չէր ունենում գումարները փոխանցել սահմանված ժամկետներում։ Բացի այդ, ներպետական օրենսդրության մեջ բացակայում էր արդարացի փոխհատուցումների վճարման գործընթացի իրավական կարգավորումը։

Նախագծի ընդունումը թույլ կտա հստակեցնել այս իրավահարաբերությունները, ապահովել վճարումների ժամանակին և արդյունավետ կատարումը, ինչպես նաև պատշաճորեն կյանքի կոչել ՄԻԵԴ-ի վճիռներից բխող Հայաստանի պարտավորությունները։