Նյու Մեքսիկոյի դատարանը Meta կորպորացիային պարտավորեցրել է 25 միլիարդ դոլար տուգանք վճարել՝ օգտատերերին պարբերաբար խաբելու և սպառողների շահերը ոտնահարելու համար, հայտնում են Reuters և CBS News պարբերականները։ Օրենքով սահմանված կարգով՝ յուրաքանչյուր ապացուցված դիտավորյալ խախտման համար 5 հազար դոլար հաշվարկելիս գումարը գերազանցում էր 219 միլիարդը, բայց դատարանը նվազեցրել է այն։ Այդուհանդերձ, նահանգի դատախազ Ռաուլ Տորեսի խոսքով՝ սա ամերիկյան որևէ ընկերության դեմ երբևէ կիրառված ամենախոշոր տուգանքներից է։
Դատական քաշքշուկի պատճառ էր դարձել Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած աղմուկը, որտեղ ներգրավված էր այն ժամանակ դեռ Facebook կոչվող Meta-ն։ Արդեն փակված այդ ընկերությունը քաղաքական խորհրդատվությունների ժամանակ օգտագործել էր Facebook-ի տվյալները։ Իսկ Նյու Մեքսիկոն ընկերությանը դատի էր տվել այն պատճառով, որ Meta-ի ղեկավարները տարիներ շարունակ ստել էին, թե օգտատերերի տվյալները երբեք չեն վաճառվել կամ փոխանցվել ուրիշներին։
Դատավոր Ֆրենսիս Մեթյուն շեշտել է, որ օրենքի ոտնահարումն ու օգտատերերի տվյալների մասին կեղծ հայտարարությունները դիտավորյալ են եղել և տևել են ավելի քան 11 տարի՝ 2010-ից մինչև 2021 թվականը։ Դատավորի գնահատմամբ՝ «ստախոսությունը եղել է ընկերության գործելաոճի հիմքը»։ Տուգանքի այս չափը մոտավորապես հավասար է Meta-ի մեկ եռամսյակի շահույթին։
Այս տարի ընկերությունը նաև այլ գործերով է տուգանվել կամ հաշտության գնացել։ Օրինակ՝ երեխաների անվտանգության գործով Meta-ն 18 միլիարդ դոլարի հաշտության համաձայնագիր է ստորագրել Կալիֆոռնիայի գլխավորած նահանգների դաշինքի հետ։




























