Նորվեգիայում հայտնաբերել են XI դարի հազվագյուտ արծաթե մետաղադրամ՝ թագավոր Օլաֆ Հարալդսոնի անունով, որին մեծարում են որպես սուրբ Օլաֆ, գրում է Live Science-ը։

Գտածոն դարձել է երկրի պատմության մեջ վիկինգների դարաշրջանի ամենամեծ՝ շարունակաբար մեծացող գանձի մի մասը. վերջին գնահատականներով՝ այն ներառում է 5500-ից մինչև ավելի քան 6 հազար արծաթե մետաղադրամ։

Մետաղադրամը հատվել է 1024-1028 թվականների միջև։ Մի կողմում պատկերված է թագավորի կիսադեմով դիմանկարը, իսկ երկու կողմերում՝ խաչեր։ Ըստ Օսլոյի համալսարանի դրամագիտության մասնագետ Սվեյն Գուլլբեկկի՝ գտածոն առանձնահատուկ պատմական նշանակություն ունի։

«Մեր առջև թագավորի պատկերով և խաչով մետաղադրամ է, իսկ դարձերեսին՝ ևս մեկ խաչ։ Դա քրիստոնեության տարածման լայնածավալ արշավ է».- հայտարարել է փորձագետը։

Օլաֆ Հարալդսոնը Նորվեգիան կառավարել է 1015-1028 թվականներին։ Երիտասարդ տարիքում նա մասնակցել է Անգլիայի և Ֆրանսիայի դեմ վիկինգների արշավանքներին, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեությանը։ Մոտ 1013 թվականին թագավորը մկրտվել է ֆրանսիական Ռուանում։ Մոտավորապես 1024 թվականին նա քրիստոնեությունը հռչակել է երկրի միակ օրինական կրոնը, սակայն բնակչության զգալի մասը շարունակում էր երկրպագել սկանդինավյան աստվածներին։

Օլաֆը համարվում է Նորվեգիայի առաջին քրիստոնյա թագավորներից մեկը և առաջին նորվեգացի միապետը, որն իր անունով մետաղադրամներ է հատել։ 1030 թվականին մահից հետո նա դասվել է սրբերի շարքը։ Այսօր սուրբ Օլաֆը համարվում է Նորվեգիայի ազգային հովանավորը։

Օսլոյի համալսարանի Մշակութային պատմության թանգարանի հետազոտող Աննե Սկոգսֆյորդը, որը զբաղվում է գտածոների քարտացուցակագրմամբ, սկզբում մետաղադրամը շփոթել էր անգլոսաքսոնական փենիի հետ։ Սակայն մակագրությունը կարդալուց հետո նա հասկացել է, որ իր առջև նորվեգական մետաղադրամ է՝ Օլաֆի անունով։

«Ես կարողացա կարդալ ONLAF R+ NORMANORV գրությունը։ Մի՞թե ես իսկապես ձեռքիս մեջ պահում եմ Օլաֆ Հարալդսոնի մետաղադրամը։ Եվ դա իսկապես այդպես էր։ Դա միանգամայն առանձնահատուկ պահ էր».- պատմել է հետազոտողը։

Մյորստադի գանձը հայտնաբերվել է ապրիլին՝ Ռենա գյուղից ոչ հեռու։ Սկզբում հնագետները ենթադրում էին, որ այնտեղ կա մոտ 3 հազար արծաթե մետաղադրամ, սակայն հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանց թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել։

Մասնագետների գնահատմամբ՝ հայտնաբերված մետաղադրամը շրջանառության մեջ է եղել մոտ 20–25 տարի, նախքան այն մյուս արժեքների հետ միասին թաքցնելը։ Երկու կողմերում եղած մանր կտրվածքները վկայում են, որ մետաղադրամն օգտագործվել է որպես վճարման միջոց. նման մակաճեղքեր անում էին՝ ստուգելու համար՝ արդյոք այն ամբողջությամբ արծաթի՞ց է պատրաստված։

Գուլլբեկկը նշել է, որ, հավանաբար, թագավորն անձամբ է որոշել մետաղադրամների արտաքին տեսքը և գուցե ներկա է եղել դրանց հատման ժամանակ։ Ըստ հետազոտողի՝ չի կարելի բացառել, որ գտնված մետաղադրամը երբևէ ինքը՝ Օլաֆն է պահել ձեռքում։

Գիտնականները կարծում են, որ քրիստոնեական խորհրդանիշներով մետաղադրամների թողարկումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական քայլ էր. թագավորը դրանք օգտագործում էր իր իշխանությունն ամրապնդելու և նոր դավանանքը հաստատելու համար։ Ինչպես ընդգծել է Գուլլբեկկը, այդ կերպ Օլաֆը ձևավորում էր եվրոպական մակարդակի քրիստոնյա միապետի կերպարը։