Մարդիկ միշտ չէ, որ միանման են ճանաչում նկարներում պատկերված դեմքերի հույզերը, պարզել է հոգեբանների միջազգային խումբը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ այն դեմքի արտահայտությունները, որոնք ակնհայտ են թվում, կարող են տարբեր մեկնաբանություններ առաջացնել, հատկապես եթե դրանք դիտարկվում են շրջապատող միջավայրից առանձին։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են i-Perception գիտահանրամատչելի հանդեսում։

Գիտնականներն ուսումնասիրել են եվրոպական նկարներում պատկերված 116 դեմք, որոնք ստեղծվել են մոտավորապես 1400-1900 թվականներին։ Հետազոտողները կտրել են պատկերներն այնպես, որ փորձի մասնակիցները տեսնեն միայն դեմքերը՝ առանց մնացած կոմպոզիցիայի և մարմնի լեզվի։ Այնուհետև 152 մարդ պետք է որոշեր, թե վեց հիմնական հույզերից որն է ամենից լավ նկարագրում յուրաքանչյուր արտահայտություն՝ ուրախություն, տխրություն, զայրույթ, վախ, նողկանք կամ զարմանք։

61 դեպքում մասնակիցները հիմնականում համակարծիք էին զգացվող հույզի հարցում։ Սակայն մնացած 55 դեմքերը առաջացնում էին կայուն, բայց տարբեր մեկնաբանություններ․ մարդիկ երկու կամ երեք հույզ էին ընտրում։

Այդպիսի օրինակներից մեկը ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժի 1879 թվականի «Ժաննա դ’Արկ» կտավն է։ Կտավում պատկերված է Ժաննան իր ծնողական տանը՝ ֆրանսիական Դոմրեմի գյուղում, այն պահին, երբ սրբերն, ըստ նկարի սյուժեի, նրան Հարյուրամյա պատերազմի ժամանակ կոչ են անում կռվել անգլիացիների դեմ։

Ամբողջ կոմպոզիցիան օգնում է հասկանալ հերոսուհու վիճակը․ ճախարակի մոտ շրջված աթոռը հուշում է սովորական զբաղմունքների հանկարծակի ընդհատման, իսկ ծառերի մեջ հազիվ նշմարվող սրբերի կերպարները հիշեցնում են Ժաննային հանձնարարված երկյուղալի առաքելության մասին՝ պաշտպանել Ֆրանսիան։

Սակայն երբ մասնակիցներին ցույց տվեցին միայն աղջկա դեմքը, միասնական կարծիք չձևավորվեց։ Ամենից հաճախ նրանք ճանաչում էին երկյուղ, բայց շատերը տեսնում էին նաև տխրություն կամ զարմանք։ Այսպիսով, նույն դեմքի արտահայտությունը մի քանի հավանական մեկնաբանություն էր ենթադրում։

Նմանատիպ երկիմաստությունը վաղուց է քննարկվում նաև Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» առնչությամբ․ դիտողները վիճում են՝ արդյո՞ք դիմանկարում պատկերված կինը ժպտում է։ Նախորդ հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ նրա հայացքի ընկալումը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ինչպես են զննում կտավը։

Հոգեբանները նշում են, որ արվեստի գործերում դեմքի արտահայտությունները ձևավորվում են գեղարվեստական լուծումների, մարդկանց նկատմամբ դիտարկումների և հույզերի պատկերավորման ավանդույթների շնորհիվ։ Միևնույն ժամանակ դրանք պահպանում են բնական դիմախաղի առանձնահատկությունները։

Այդ պատճառով նկարները կարող են դառնալ արժեքավոր նյութ՝ հետագայում ուսումնասիրելու համար, թե ինչպես են մարդիկ ճանաչում շրջապատողների զգացմունքները։