Ինդոնեզիայի Բանկա կղզում գիտնականները հաստատել են հազվագյուտ թունավոր պրիմատի գոյությունը, որը 1930-ականներից ի վեր չէր գրանցվել գիտական գրականության մեջ։ Մեծ աչքերով հաստ լորին այս ամբողջ ընթացքում ապրել է մարդկանց կողքին․ կենդանիներին գտնում էին բակերում, ճանապարհների մոտ և էլեկտրահաղորդման գծերի վրա։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսակը, որը համարվում էր անհետացման եզրին գտնվող և, հնարավոր է, արդեն անհետացած, պահպանվել է կղզու տարբեր հատվածներում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Spixiana գիտական հանդեսում։ Դրանք հիմնված են Բանկայի հաստ լորիների ավելի քան 90 առանձնյակների մասին տվյալների վրա, որոնց Alobi Վայրի բնության փրկարար կենտրոնի աշխատակիցներն ընդունել են 2015-2025 թվականներին։ Տեղի բնակիչները և իշխանությունների ներկայացուցիչները հայտնում էին հայտնաբերված կենդանիների մասին, իսկ մասնագետներն օգնություն էին ցուցաբերում նրանց և վերականգնումից հետո վերադարձնում պահպանվող անտառներ։
Փրկված ավելի քան 90 պրիմատներից 86-ն ապաքինվել են և բաց են թողնվել կղզու յոթ վայրերում։ Մասնագետները տեղանքներն ընտրել են՝ հաշվի առնելով անտառի պահպանվածության աստիճանը և իրավական կամ փաստացի պաշտպանության առկայությունը։ Կենդանիներին հայտնաբերել են Բանկա կղզու բոլոր չորս շրջաններում, ինչպես նաև Պանկալպինանգ քաղաքում։ Դա վկայում է, որ կենդանատեսակը, ամենայն հավանականությամբ, բնակվում է կղզու զգալի մասում։
Բանկայի հաստ լորին Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում ներառված է ծայրահեղ վտանգված տեսակների շարքում՝ «հնարավոր է՝ անհետացած» նշումով։ Թեև գրեթե մեկ դար գիտական հրապարակումներում նրա գոյության հաստատումներ չկային, տեղի բնակիչները շարունակում էին հանդիպել այս կենդանիներին։
Հետազոտությանը հանգեցրել են բնապահպանական կազմակերպությունների աշխատակիցներից ստացված տեղեկությունները։ Վիեննայի Haus des Meeres կենդանաբանական այգուց Տիմոն Գլավը բնապահպան մասնագետ Յոխեն Մեններից իմացել է, որ Բանկայի հաստ լորին անհետացած և ամենից շատ որոնվող պրիմատներից մեկն է համարվում։ Մենները նրան կապել է Alobi կենտրոնի հետ, որտեղ պահպանվել էին կենդանիների փրկության վերաբերյալ մանրամասն գրառումներ։ Արդյունքում երեք կազմակերպությունների մասնագետները միավորել են տվյալները և գիտական հրապարակում պատրաստել։
«Մենք ուրախ ենք նպաստել գիտական տվյալների հարստացմանը և ցույց տալ, որ Բանկայի հաստ լորին չի անհետացել, սակայն տեսակը դեռևս անմիջականորեն կանգնած է վերացման վտանգի առջև».- հայտարարել է Alobi կենտրոնի տնօրեն Լանգկա Սանին։
Պրիմատների համար գլխավոր վտանգը հետազոտողները համարում են բնական կենսամիջավայրի ոչնչացումը։ Կղզու անտառները կրճատվում են անօրինական անագի արդյունահանման և յուղատու արմավենու տնկարկների համար հողերի լայնածավալ մաքրման պատճառով։ Վտանգավոր են նաև ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը, բնակավայրերի ընդլայնումը և տարաշխարհիկ կենդանիների առևտրի համար կենդանիների որսը։
Հաստ լորիները անսովոր գիշերային պրիմատներ են և միակ հայտնի պրիմատները, որոնք ունակ են թույն արտադրել։ Նրանք լիզում են ուսի ներքին կողմում գտնվող գեղձի արտազատուկը և խառնում այն թքի հետ։ Նրանց խայթոցը կարող է ուժեղ ցավ և այտուց առաջացնել։ Մեծ կլոր աչքերն կենդանիներին օգնում են տեսնել մթության մեջ, իսկ դանդաղ ու անաղմուկ շարժումները հնարավորություն են տալիս աննկատ մնալ ծառերի մեջ։
Բանկայի հաստ լորին փոքր պրիմատ է՝ կարմրավուն մեջքով և դնչի վրա բաց գույնի դիմակով։ Այն առաջին անգամ նկարագրվել է գիտական գրականության մեջ 1906 թվականին, սակայն որպես առանձին տեսակ ճանաչվել է միայն 2013-ին։
Հետազոտության հեղինակները կոչ են անում պոպուլյացիայի լայնածավալ ուսումնասիրություններ, գենետիկական հետազոտություններ անցկացնել և տեսակի պահպանության երկարաժամկետ ծրագիր կազմակերպել։ Նրանք առաջարկում են նաև անազատության մեջ բազմացման ծրագիր ստեղծել և շարունակել փրկված կենդանիների բացթողումը անտառներ՝ նրանց վիճակի հետագա մշտադիտարկմամբ։
Ինչպես նշել է Re:wild բնապահպանական կազմակերպության անհետացած տեսակների որոնման ծրագրի ղեկավար Բենջի Բարկան, Բանկայի հաստ լորիի պատմությունը ցույց է տալիս, որ կենդանին կարող է անհետանալ գիտական հրապարակումներից, բայց շարունակել գոյություն ունենալ այն մարդկանց կյանքում, որոնք նրա հետ կիսում են նույն տարածքը։





























