Ferrari-ն թողարկել է 12Cilindri Manuale սուպերքարի հատուկ տարբերակը՝ փոխանցման լծակով դասական H-աձև ձևաչափում, սակայն ավտոմեքենան իրական մեխանիկական փոխանցման տուփ չունի, գրում է Autocar-ը։

Ինժեներները պահպանել են ութաստիճան երկկցորդային ռոբոտացված տրանսմիսիան՝ ավելացնելով էլեկտրոնային համակարգ, որը նմանակում է ավանդական «մեխանիկայի» աշխատանքը։

Ferrari 12Cilindri Manuale-ի արժեքը կազմում է 508 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ 580 հազար եվրո), իսկ թողարկումը սահմանափակված է 1499 օրինակով։ Ստանդարտ տարբերակից ավտոմեքենան առանձնանում է, մասնավորապես, A խմբի մրցարշավային մեքենաների ոճով հնգաթև անվահեծերով։

Մշակողները ձգտել են վարորդին վերադարձնել երեք ոտնակով և փոխանցման լծակով դասական ավտոմեքենա վարելու զգացողությունները։ Կցորդիչի ոտնակը սեղմելիս լծակի բռնակի վրա վառվում է H-աձև փոխանցման սխեման՝ նարնջագույն երանգով, եթե ավտոմեքենայի արագությունը չի գերազանցում 72 կմ/ժ-ը։ Դրանից հետո վարորդը կարող է ինքնուրույն ընտրել փոխանցումները։ Ավտոմատ ռեժիմին վերադառնալու համար բավական է սեղմել կենտրոնական վահանակի D կոճակը։

Միևնույն ժամանակ լծակը մեխանիկորեն միացված չէ տրանսմիսիային։ Շարժումները ֆիքսում են տվիչները, որոնք էլեկտրոնային ազդանշաններ են փոխանցում փոխանցման տուփի կառավարման համակարգին։ Զսպանակներով և գլանիկներով հատուկ մեխանիզմը նմանակում է լծակի դիմադրությունն ու փոխանցումը միացնելիս բնորոշ զգացողությունը։ Էլեկտրամագնիսական արգելափակումը նաև խոչընդոտում է այնպիսի փոխանցումներին, որոնք կարող են հանգեցնել շարժիչի չափազանց բարձր պտույտների։

Autocar-ի դիտորդի գնահատմամբ՝ երթևեկության առաջին րոպեներին էլեկտրոնային համակարգը կարող է չափազանց հարթ թվալ և զուրկ լինել իսկական մեխանիկային բնորոշ առանձնահատկություններից։ Սակայն տաքանալուց և ակտիվ ընթացքը սկսվելուց հետո փոխանցումները դառնում են ավելի համոզիչ, իսկ լծակի մետաղական կտտոցը ուժեղացնում է դասական Ferrari վարելու զգացողությունը։

Միևնույն ժամանակ ռոբոտացված փոխանցման տուփի պահպանումը ավտոմեքենայի համար սկզբունքային նշանակություն ունի։ Այն կապված է էլեկտրոնային դիֆերենցիալի, պտտապահի բաշխման համակարգի և ABS-ի հետ, որոնք ապահովում են կառավարելիությունը և վարորդին թույլ են տալիս վերահսկել մեքենայի վարքագիծը շրջադարձերում։ Ըստ Ferrari-ի փորձարկումների ղեկավար Ռաֆֆաելե դե Սիմոնեի՝ այս տրանսմիսիայից հրաժարվելը 12Cilindri-ի բնույթն այնքան կփոխեր, որ ավտոմեքենան այլևս չէր լինի մոդելի ճանաչելի ներկայացուցիչը։

Ferrari 12Cilindri Manuale-ն համալրված է 6,5 լիտրանոց V12 շարժիչով՝ 819 ձիաուժ հզորությամբ։ Միևնույն ժամանակ ընկերությունը դիտարկում է նմանատիպ տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունը նաև հիբրիդային ավտոմեքենաների վրա։ Նոր տարբերակը դարձել է ժամանակակից էլեկտրոնային համակարգերը և վարելու ավանդական զգացողությունները համադրելու փորձ՝ մի ժամանակաշրջանում, երբ ավտոարտադրողները գնալով ավելի հաճախ են հրաժարվում մեխանիկական փոխանցման տուփերից։