Պեկինում ստեղծվել է ավելի քան 1130 զբոսայգի, իսկ անտառները զբաղեցնում են Չինաստանի մայրաքաղաքի տարածքի 45%-ը։ Դրա մասին Երևանում COP17-ի շրջանակում Չինաստանի տաղավարում անցկացված Պեկինի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունենալով՝ Վենը նշել է, որ Պեկինը կենսաբազմազանության պահպանությունը դարձրել է քաղաքային կառավարման առաջնահերթություններից մեկը՝ ձգտելով համատեղել տնտեսական զարգացումը շրջակա միջավայրի պահպանության հետ։ Քաղաքի բնակչությունը գերազանցում է 20 միլիոնը, իսկ տարածքը կազմում է 16 հազար 400 քառ. կմ։
Վերջին հինգ տարիներին Պեկինի տնտեսությունը միջինում աճել է տարեկան 5,2%-ով, իսկ տնտեսության ընդհանուր ծավալը գերազանցել է 740 միլիարդ դոլարը, հայտնել է Վենը։ Միաժամանակ բարելավվել է օդի որակը, վերականգնվել են ջրային էկոհամակարգերը, իսկ քաղաքում էկոլոգիական իրավիճակը շարունակել է բարելավվել։ Ավելի վաղ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը Պեկինի հաջողություններն օդի աղտոտման դեմ պայքարում անվանել էր «պեկինյան հրաշք»։
Վենը նշել է, որ բնապահպանական պահպանության գոտիները զբաղեցնում են Պեկինի տարածքի 27,5%-ը, իսկ պահպանվող բնական տարածքներին բաժին է ընկնում քաղաքի մակերեսի 19%-ը։ Բացի դրանից, մայրաքաղաքում ստեղծվել է տարբեր տեսակի ավելի քան 700 բնական տարածք՝ կենսաբազմազանության պաշտպանության ուժեղացման նպատակով։
Պեկինում բնակվում է վայրի թռչունների 527 տեսակ, ինչը կազմում է Չինաստանում գրանցված բոլոր թռչունների տեսակների ավելի քան մեկ երրորդը, նշել է Վենը։ Հազվագյուտ տեսակների թվաքանակը, ներառյալ պեկինյան սվիֆթը, սև արագիլը և շագանակականջ փասիանը, աճել է։ Միևնույն ժամանակ քաղաքը շրջապատող լեռներում ավելի ու ավելի հաճախ հեռավորարևելյան անտառային կատուների և կարմիր աղվեսներին են նկատում։
Քաղաքը միաժամանակ ընդլայնել է էկոհամակարգերի վերականգնման ծրագրերը, ներառյալ գետերի կապակցվածության վերականգնման և ջրաճահճային տարածքների վիճակի բարելավման նախագծերը։ Պեկինի նման տարածքների ընդհանուր մակերեսը հասել է 612 քառ. կմ-ի։ Յունդին, Չաոբայ և Հյուսիսային ջրանցքի գետերի վերականգնումը նպաստել է քաղաքային ջրային միջավայրի վիճակի բարելավմանը։
Վենը հատկապես նշել է Լյանմա գետի ափամերձ տարածքը՝ որպես օրինակ, թե ինչպես էկոհամակարգերի վերականգնումը կարող է նպաստել քաղաքային միջավայրի նորացմանը՝ համադրելով էկոլոգիական բարելավումները հանրային տարածքների ստեղծման և բնակիչների կյանքի որակի բարձրացման հետ։
Նա միաժամանակ ընդգծել է կենսաբազմազանության պահպանության գործում հանրության մասնակցության կարևորությունը։ Պեկինում հրապարակվել է կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ «Սպիտակ գիրքը», ինչպես նաև սահմանվել են վայրեր, որտեղ բնակիչները կարող են ծանոթանալ տեղական բնությանը և ավելին իմանալ կենդանի օրգանիզմների բազմազանության մասին։
Պեկինի փորձը ցույց է տալիս, թե ինչպես խոշոր քաղաքը կարող է համատեղել տնտեսական զարգացումը շրջակա միջավայրի պաշտպանության ուժեղացման և քաղաքային միջավայրի հարմարավետության բարձրացման հետ, հայտարարել է Վենը։





























