Google ընկերությունը Ֆինլանդիայի երկու շրջաններում մոտ 400 հազար ծառ է հատել՝ արհեստական բանականության զարգացման համար տվյալների կենտրոններ կառուցելու նպատակով։ Աշխատանքները սկսվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության անհրաժեշտ գնահատումների, ինչից հետո ֆիննական իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես դադարեցնել դրանք, գրում է The Guardian-ը։

Երկրի հյուսիսում՝ Մուհոս քաղաքի շրջանում, հատման տակ է ընկել մոտ 330 հեկտար անտառ՝ շուրջ 250 հազար ծառ։ Տեղամասում հեռացրել են նույնիսկ հողի վերին շերտը։ Անտառի փոխարեն մնացել է ցեխով ծածկված տարածք՝ շինտեխնիկայի հետքերով և ջրափոսերով։ Տեղի բնակիչների պատմելով՝ շինհրապարակից եկող շագանակագույն ջուրը լցվում է առուն, որը թափվում է Օուլույոկի գետը։

Բնապահպանների գնահատմամբ՝ ևս մոտ 150 հազար ծառ հատվել է Օտանմյակի բնակավայրի մոտ։ Աշխատանքների սկսվելուց հետո տեղացիները գյուղում սկսել են նկատել գայլերի. ենթադրվում է, որ կենդանիները լքել են ոչնչացված անտառը։ Բնապահպանները հայտնել են նաև, որ հատումների հետևանքով եռամատ փայտփորիկները զրկվել են բնադրման վայրերից։

Հոկտեմբերի սկզբին Ֆինլանդիայի լիցենզավորման և վերահսկողության վարչությունը պահանջել է ժամանակավորապես դադարեցնել երկու հարթակներում նախապատրաստական աշխատանքները, քանի որ շրջակա միջավայրի վրա ազդեցության անհրաժեշտ գնահատումները չեն կատարվել մինչև անտառահատումը։ Google-ը հայտարարել է, որ դադարեցրել է աշխատանքները և մտադիր է կատարել գերատեսչության պահանջները։

13 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը նախատեսում է արհեստական բանականության համար ենթակառուցվածքի ստեղծում։ Ֆինլանդիան տեխնոլոգիական ընկերություններին գրավում է իր զով կլիմայով, հողերի հասանելիությամբ և զարգացած էներգետիկայով։ Սակայն Google-ի ծրագրերը հասարակական քննարկում են առաջացրել՝ արդյոք ներդրումներն արդարացնո՞ւմ են բնությանը հասցվող վնասը և ինչ օգուտ են ստանում տեղի բնակիչները։

Ավելի քան 93 հազար մարդ ստորագրել է միջնորդագիր՝ պահանջելով խստացնել տվյալների կենտրոնների շինարարության կարգավորումը և պարտավորեցնել ընկերություններին փոխհատուցել բնապահպանական վնասը։

Google-ը հայտարարել է, որ նախատեսում է ծառեր տնկել Մուհոսում 130 հեկտար տարածքում։ Բնության պաշտպանները կարծում են, որ դա բավարար չէ հասցված վնասը փոխհատուցելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆինլանդիայում իշխանությունները կարգադրել են դադարեցնել Google-ի երկու ապագա տվյալների կենտրոնների հարթակներում շինարարական աշխատանքները՝ անտառի ավելի քան 300 հա մաքրմանն առնչվող բնապահպանական պահանջների պատճառով։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Ֆինլանդիայում անտառահատումների պատճառով Google-ի երկու տվյալների կենտրոնների շինարարությունը դադարեցվել է: