ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի (NBA) աստղ, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին մեղադրել է երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, քանի որ նա շարժվել է ամերիկյան օրհներգի կատարման ժամանակ՝ չորեքշաբթի «Ֆիլադելֆիա Սևենթի Սիքսերսի» և «Նյու Յորք Նիքսի» միջև մրցաշրջանի մեկնարկային խաղից առաջ։

«Մեր ազգային օրհներգը լսելիս Լեբրոն Ջեյմսը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում մեր երկրի նկատմամբ»,- սոցիալական ցանցերում գրել է Թրամփը։

Նա պահանջել է նաև, որ մարզիկը ներողություն խնդրի ամերիկացի զինծառայողներից, որոնք զոհվել են ԱՄՆ դրոշի համար։

«Լեբրոն Ջեյմսը պետք է ներողություն խնդրի բոլոր այն մեծ ամերիկացի զինվորներից ու հերոսներից, որոնք զոհվել են ամերիկյան դրոշի համար»,- հայտարարել է նախագահը։

Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում» անցկացված խաղի տեսագրությունում երևում է, թե ինչպես Ջեյմսը, մինչ կատարողը երգում է The Star-Spangled Banner օրհներգը, նմանակում է գոլֆի մահակով հարվածելու շարժումներ և բասկետբոլի գնդակի նետումներ։ Նրա թիմակիցները, որոնք նրա կողքին կանգնած են խաղահրապարակում, հիմնականում մնում են անշարժ, հաղորդում է BBC News-ը։

«Ես հենց սկզբից ասում էի, որ նա ոչ մի բանի պետք չէ։ Լիակատար խայտառակություն է»,- հավելել է Թրամփը։

Ջեյմսը դեռ չի արձագանքել նախագահի նոր հարձակումներին։ Նրանց առճակատումը շարունակվում է արդեն մի քանի տարի․ բասկետբոլիստը հրապարակայնորեն աջակցել է Թրամփի քաղաքական հակառակորդներին և քննադատել նրա հայտարարությունները։

2018 թվականին նախագահը կասկածի տակ է դրել մարզիկի մտավոր ունակությունները, երբ վերջինս հայտարարել էր, որ երբեք Թրամփի հետ նույն սեղանի շուրջ չէր նստի։ Նույն տարում Ջեյմսը Թրամփին մեղադրել էր նրանում, որ նրա հռետորաբանությունը ռասիստներին հնարավորություն է տվել բացահայտ արտահայտել իրենց հայացքները։

Հուլիսին Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե պատմության մեջ ում է համարում մեծագույն բասկետբոլիստ՝ Ջեյմսի՞ն, թե՞ Մայքլ Ջորդանին, ընտրել էր Ջորդանին և ենթադրել, որ Ջեյմսը կարող է ռասիստ լինել։

«Ինձ դուր են գալիս միայն այն մարդիկ, որոնց ես եմ դուր գալիս»,- այդ ժամանակ ասել էր ԱՄՆ նախագահը։

Պրոֆեսիոնալ մարզական խաղերից առաջ օրհներգի կատարումը ԱՄՆ-ում վաղեմի ավանդույթ է։ Սովորաբար խաղացողներն ու հանդիսատեսը կանգնում են և փորձում են արարողության ընթացքում չշարժվել։ Օրհներգի նկատմամբ վերաբերմունքը դարձել է սուր քաղաքական վեճերի առարկա 2016 թվականին, երբ ամերիկյան ֆուտբոլիստ Քոլին Քեյփերնիկը սկսել էր օրհներգի կատարման ժամանակ ծնկի իջնել՝ ի նշան ոստիկանական բռնության և ռասիզմի դեմ բողոքի։

Թրամփը կտրուկ քննադատել էր մարզիկին, որը հետագայում չկարողացավ թիմ գտնել Ազգային ֆուտբոլային լիգայում։