Ֆրանսիական Նիցցա քաղաքում հոկտեմբերի 22–ին, արարողություն է անցկացվել՝ ի աջակցություն Բաքվում պահվող Արցախի հայ գերիների։
Արարողության ընթացքում մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել Բաքվում պահվող հայ գերիներին՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման անհրաժեշտությունը։
Հայ համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտը հայտարարել է, որ Բաքվում մինչ օրս պահվող 20 հայ գերիները կարող են ֆրանսիական Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ։
«Նովել դե Արմենի» պարբերականի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվել է արցախյան հակամարտության և 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների պատմությունը, ելույթ են ունեցել ֆրանսիացի և հայ գործիչներ։
Նիցցայի քաղաքապետարանի ճակատային հատվածում դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից տեղադրվել են Բաքվի բանտերում պահվող` Արցախի ռազմաքաղաքական վերնախավի լուսանկարները: Ինչպես քաղաքապետն է նշել, դրա նպատակն է անցորդներին հիշեցնել ազատությունից զրկված այս մարդկանց ծանր վիճակի և նրանց ազատության համար միջազգային հանրության ջանքերի միավորման հրատապության մասին:
«Քաղաքը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, մինչև նրանք ազատ արձակվեն»,- հայտարարել է Նիցցայի քաղաքապետը։
Նա ընդգծել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը մարդասիրական և քաղաքական պահանջ է:





























