Կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ընդհանուր ինդեքսով Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից զիջում է միայն Մերձբալթյան երկրներին, այսինքն` առաջատար է ԱՊՀ երկրների թվում եւ հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից գերազանցում է Սերբիային, Չեռնոգորիային, Բոսնիա եւ Հերցոգովինային:  Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքում, ուր ներկայացված է Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի «Կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների 2011 թ. ինդեքս»-ում Հայաստանի դիրքը:

Նշենք, որ 2011 թ. ինդեքսի հիմքում ընկած են 2010 թ. փաստացի տվյալները:  Ըստ Եվրոբանկի գնահատականների, 2010 թ. ընթացքում Հայաստանում կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ առաջընթաց չի գրանցվել, այլ ընդհակառակը, Հայաստանի ինդեքսը վատացել է 0.10 միավորով: Հայաստանի ինդեքսի վատացումը պայմանավորված է «Գների ազատականացում» ենթաինդեքսի վատացմամբ («4.33» միավորից իջեցվել է «4.00» միավորի), որի պատճառը, ըստ Եվրոբանկի փորձագետների, այն է, որ Հայաստանում 2010-2011թթ. ընթացքում կիրառվել են վարչական որոշ կարգավորումներ հիմնային ապրանքների գների նկատմամբ: