Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Որոշումները կայացրել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Սիմա Աբովյան և Հովհաննես Մելքոնյան)։
Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Որոշման մեջ նշված է. «Թիվ ԱՐԴ/0138/02/26 քաղաքացիական գործի վարույթն՝ ըստ հայցի Ստեփան Արտակի Ասատրյանի ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025թ. թիվ 1042 հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հայցվորին Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովիվ Տ.Արամ քահանա Ասատրյանի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին, կարճել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։
2. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2026 թվականի թիվ ԱՐԴ/0138/02/26 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը՝ «Պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի (Տ.Արամ քահանա Ասատրյանի) պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում, մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» վերացնել»:
Արամայիս Թախմազյանի հայցի հետ կապված դատարանը որոշել է. «Քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2026 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը»։
Որոշման մեջ նաև նշվում է. «Դատարանն արձանագրում է նաև, որ հոգևորականին կարգալույծ անելը կարգավորվում է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոններով, իսկ գործող օրենսդրությունը չի կարգավորում հոգևորականին կարգալույծ անելու հարաբերությունները։Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն հայցվորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար պարտադիր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով կամ կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պարտադիր պայմանները։ Հետևաբար, սույն քաղաքացիական գործով վեճը ենթակա չէ դատարանում քաղաքացիական դատավարության կարգով քննության»։





























