ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում Vanity Fair-ի հրապարակումից հետո։ Պարբերականը նշել է, որ նա կարող էր ունենալ երկու գաղտնի բանկային հաշիվ Մերձավոր Արևելքում, որոնց մասին տվյալները ռուս հաքերները, իբր, ստացել էին՝ կոտրելով նրա հեռախոսը։ Քուշները մեղադրանքներն անվանել է «զայրացուցիչ հորինվածքներ»։
Լրագրող Մեթյու Քոուլի տվյալներով՝ Քուշների iPhone X-ի էկրանի նկարները հայտնաբերվել են Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ԳՀՎ-ի հեռավոր սերվերում։ Պատմությունը սկսվում է 2017 թվականից, երբ Նիդեռլանդների իշխանությունները ձերբակալել էին ռուս հետախույզի, որը մեկնում էր Մեծ Բրիտանիա՝ լրտեսական առաջադրանք կատարելու։ Նրան առաջարկել էին համագործակցել Նիդեռլանդների ռազմական հետախուզության հետ կամ ձերբակալվել Բրիտանիայում։ Արդյունքում, ինչպես նշվել է, նա հոլանդական հատուկ ծառայություններին ԳՀՎ գաղտնի սերվերի հասանելիություն է տրամադրե;։
Մինչև 2018 թվականը նիդեռլանդացի հետախույզները պարզել էին, թե ինչպես են ռուս հաքերները ներթափանցել Քուշների հեռախոս, և շարունակել էին հետևել նրա ակտիվությանը։ Հրապարակման համաձայն՝ նրանք հայտնաբերել էին, որ նա մուտք է գործել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող բանկային հաշիվ, որին ադրբեջանական բանկից հարյուր միլիոնավոր դոլարների մուտք է եղել։
Առաջին հաշիվը, որը Vanity Fair-ը պայմանականորեն անվանել է Alpha, բացվել էր First Abu Dhabi Bank-ում։ Պարբերականի տվյալներով՝ այն գտնվել է Թահնուն բին Զայեդի վերահսկողության տակ, որը բանկի նախագահն է և ԱՄԷ նախագահ Մուհամեդ բին Զայեդի եղբայրը։
Ինչպես նշել է Vanity Fair-ը, Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական նպատակները ֆինանսավորելու հիմնադրամ ստեղծելու գաղափարը պատկանել է բին Զայեդին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին։ Ենթադրվող նպատակների թվում, մասնավորապես, նշվել է ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը։ Թեև նախնական մտահղացումը, պարբերականի տվյալներով, չի իրագործվել, Մերձավոր Արևելքի երկու քաղաքական գործիչները, իբր, Քուշների հետ կապված երկու հաշիվներում տեղաբաշխել են առնվազն 2 միլիարդ դոլար։
Երկրորդ հաշիվը, որը պայմանականորեն ստացել է Beta անվանումը, ինչպես նշվել է, օգտագործվել է սաուդյան թագաժառանգ արքայազնի կողմից 1 միլիարդ դոլար փոխանցելու համար։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իմացել է այդ միջոցների մասին և առաջարկել Քուշներին գումարը փոխանցել Իսրայելի Կենտրոնական բանկ։
Թրամփի առաջին վարչակազմում Քուշները զբաղեցնում էր նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը և ղեկավարում Ամերիկյան նորարարությունների վարչությունը։ Այժմ, աներոջ նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, նա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ մասնակցում է միջազգային հակամարտությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։
Ինքը՝ Քուշները, կտրականապես մերժել է մեղադրանքները։ Հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ նա ասել է, որ հեղինակը որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումները հաստատելու համար։
«Այս մեղադրանքները միանգամայն անհեթեթ են և երբեք չեն համապատասխանել իրականությանը», — գրել է Քուշները։ Նա ընդգծել է, որ իր կողմը հերքել է բոլոր պնդումները, սակայն հրապարակման մեջ չկան բանկային քաղվածքներ, փոխանցումների մասին տվյալներ, հաշիվների համարներ, գործարքների ամսաթվեր կամ այլ ստուգելի տվյալներ։
«Սրանք զայրացուցիչ հորինվածքներ են, որոնք ներկայացվում են որպես լրագրողական հետաքննություն։ Սա լրագրություն չէ, այլ ֆանտազիաների, հորինվածքի և քարոզչության խառնուրդ», — հայտարարել է նա։





























