Իտալացի քահանա Ջաննիկոլա Մարիա Սիմոնեն հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Միլանում փողոցային անկարգությունների մասնակիցներին միջնամատ է ցույց տվել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Սանտ-Ալեքսանդրո-դի-Ձեբեդիա եկեղեցու մոտ, պատմական Սանտ-Ալեքսանդրո հրապարակից ոչ հեռու։

65-ամյա քահանան կանգնած էր տաճարի մուտքի մոտ, երբ նրա կողքով վազում էր դիմակներով երիտասարդների մի խումբ։ Անկարգությունների մասնակիցներից մեկը նրան երկու միջնամատ է ցույց տվել, քահանան պատասխանել է նույն ժեստով։ Տեսանյութն արագ տարածվել է համացանցում՝ առաջացնելով խոսակցություններ այն մասին, թե դա կարող էր ստեղծված լինել արհեստական բանականության միջոցով։

Սակայն Սիմոնեն իտալական Corriere della Sera թերթի հետ զրույցում հաստատել է տեսանյութի իսկությունը։ Նրա խոսքով՝ ինքը չէր ձգտում վեճ սադրել կամ բռնության դիմել։

«Երբ այդ երիտասարդներն անցնում էին կողքովս, նրանցից մեկն ինձ միջնամատ ցույց տվեց։ Նրանք երեխաներ են, ուստի ես չզարմացա։ Ես պատասխանեցի նույն կերպ, բայց առանց որևէ ագրեսիվ մտադրության և հետագա զայրույթ հրահրելու ցանկության», — պարզաբանել է քահանան։

Նա պատմել է, որ հետևում էր հարևանությամբ տեղի ունեցողին, իսկ երբ տեսել է, թե ինչպես են անկարգությունների մասնակիցներն ուղղվում դեպի եկեղեցի և ցրվում կողքի փողոցներով, որոշել է փակել տաճարը։ Ներսում նա ապաստան է տվել զբոսաշրջիկներին և անցորդներին, որոնք փորձում էին փրկվել բռնությունից։ Սիմոնեի խոսքով՝ նրանք մնացել են եկեղեցում, մինչև իրավիճակը հանդարտվել է։

Քահանան նաև հայտարարել է, որ իր արարքը ապաշխարության առիթ չի համարում, քանի որ որևէ մեկին վնաս չի պատճառել։

«Եթե ես որևէ մեկին հարվածած լինեի, այդ դեպքում՝ այո։ Բայց ես երբեք ոչ մեկի վրա ձեռք չեմ բարձրացրել, նույնիսկ ամենադժվար պահերին», — նշել է նա։

Ավելի ուշ Սիմոնեն զրուցել է անկարգությունների որոշ մասնակիցների հետ։ Նրանցից մեկը, քահանայի խոսքով, խոստովանել է, որ եկել էր հրապարակ պարզապես այն պատճառով, որ մյուսներն էլ էին այնտեղ գնում։

Անկարգություններ են բռնկվել Միլանում և հյուսիսային Իտալիայի այլ քաղաքներում։ Ջարդարարությունների մասնակիցները թալանել են խանութներ, վնասել շենքեր և հարձակվել ոստիկանների վրա։ Սկզբում Իտալիայի ֆինանսական մայրաքաղաքում բողոքի ցույցերը կապված էին կյանքի թանկացման և հանրային ծառայությունների ոլորտի խնդիրների հետ, սակայն հետո իրավիճակը վերածվել է բռնության։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն տեղի ունեցողի պատասխանատվությունը բարդել են անկարգությունների կազմակերպիչների վրա։ Կրոզետոն նման իրադարձություններն անվանել է «հիբրիդային պատերազմի» դրսևորում, որը պետությունների դեմ վարվում է ոչ ստանդարտ գործիքների, այդ թվում՝ TikTok-ի, սոցիալական ցանցերի և YouTube-ի միջոցով։