ԱՎՏՈՎԱԶ-ի կազմում գտնվող «ՎԻՍ-Ավտո» գործարանը սկսել է փոքրածավալ Նիվա Բրոնտոյի արդիականացված տարբերակի արտադրությունը։ Հիշեցնենք, որ Բրոնտոն ստանդարտ Niva Legend-ից տարբերվում է ծայրահեղ արտաճանապարհային պայմաններին պատրաստվածությամբ։
Մոդելը ստացել է վերջին սերնդի Niva Legend-ից փոխանցված փոփոխությունները՝ 1.8 լ շարժիչ (90 ձիաուժ, 153 Ն·մ), ուժեղացված տրանսմիսիա, ցինկապատ թափքի դետալներ, հաղորդում է Drom.ru-ն։ Ավելացել է վարորդի ճակատային անվտանգության բարձիկը, իսկ ձախ կողայինը հանվել է։ Նախկին դասական «նիվայական» 1.7-ը զարգացնում էր 82 ձիաուժ և 129 Ն·մ։
Բրոնտոյի բնորոշ հատկանիշները պահպանվել են՝ 235/75 R15 անվադողեր՝ 29 դյույմ արտաքին տրամագծով, ուժեղացված առջևի կախոց և հետևի կամուրջ, երկու առանցքներին էլ ինքնաարգելափակվող միջանիվային դիֆերենցիալներ և 4.1 հիմնական զույգ։ Կիրառվում է շարժիչի, տրանսմիսիայի և բաժանարար փոխանցման տուփի պաշտպանություն։ Թափքի կախովի տարրերի դիզայնը փոխվել է՝ այն դարձել է էլ ավելի կոպիտ ու հզոր տեսքով։
Թարմացված Նիվա Բրոնտոյի համալրումներն ու գները կհայտարարվեն ավելի ուշ, իսկ նախորդ նմուշի մոդելը դիլերների շրջանում արժե 1 միլիոն 517 հազար ռուբլուց սկսած։




























