ԱՄՆ արդարադատության նախարարությունը Կալիֆոռնիայի 58 շրջաններից 57-ի ընտրական մարմիններից պահանջել է համագործակցել դաշնային իշխանությունների հետ և ստուգել ընտրողների ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքացիությունը։ Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ հրաժարվելու դեպքում իրավական քայլեր կլինեն, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված նամակին։

Սան Բերնարդինո շրջան ուղարկված գրության մեջ դաշնային դատախազի առաջին տեղակալ Բիլալ Էսայլին նշել է, որ տեղական մարմիններին է փոխանցվել 1133 անձի ցուցակ, որոնք, ըստ դատախազության, «ենթադրաբար օտարերկրացիներ են»։

Նա տեղական իշխանություններին 48 ժամ է տվել՝ հաստատելու, որ պատրաստ են Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարությունների հետ համատեղ պարզել, թե ցուցակում նշվածներից ովքեր են ԱՄՆ քաղաքացի։

«Գրում եմ՝ հստակ զգուշացնելու այն իրավական հետևանքների մասին, որոնք կառաջանան, եթե մինչև քաղաքացիության հաստատումը շարունակեք այդ մարդկանց փոստով քվեաթերթիկներ ուղարկել կամ հաշվեք նրանց քվեները»,— նշված է նամակում։

Էսայլին նաև պահանջել է, որ եթե որևէ ընտրողի քաղաքացիությունը չհաջողվի հաստատել, նրա փոստային քվեաթերթիկը չչեղարկվի, այլ անհապաղ առանձնացվի և պահվի մինչև կարգավիճակի պարզումը։

Դատախազի խոսքով՝ դաշնային ընտրություններին օտարերկրացիների մասնակցությունը հանցագործություն է, և դրան գիտակցաբար աջակցողները նույնպես ենթակա են իրավական պատասխանատվության։ NBC News-ի հետ զրույցում նա զգուշացրել է, որ ընտրական հանձնաժողովների այն պաշտոնյաները, որոնք միտումնավոր կմշակեն ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց քվեաթերթիկները, կկանգնեն օրենքի առաջ։

Միջանկյալ ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվացրել է ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ ընտրողներին հայտնաբերելու արշավը։ Հատուկ ուշադրության կենտրոնում է Կալիֆոռնիան, որտեղ դեմոկրատների դիրքերն ավանդաբար ամուր են։ Ավելի վաղ դաշնային իշխանությունները դատարան էին դիմել՝ պահանջելով արգելել կասկածելի քաղաքացիություն ունեցող ավելի քան 20 հազար ընտրողի փոստային քվեաթերթիկների հաշվարկը։

Հինգշաբթի օրը Արդարադատության նախարարությունը դիմել է Իններորդ շրջանի վերաքննիչ դատարան՝ խնդրելով կիրառել այդ սահմանափակումները դեռևս մինչև ստորադաս դատարանի վճռի հրապարակումը։

Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլյան քննադատել է վարչակազմի քայլերը՝ նշելով, որ դաշնային իշխանությունները զանգվածային կեղծիքների որևէ ապացույց չեն ներկայացրել և հիմնվում են սխալ ու անվստահելի տվյալների վրա։ Նրա խոսքով՝ ընտրական պաշտոնյաներին սպառնալով՝ դաշնային կառավարությունն իրավունք չունի միջամտելու ընտրությունների ընթացքին։