Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ ագռավները տեսողական որոշումներ են կայացնում միջինում 235 միլիվայրկյանում, ինչը գրեթե երկու անգամ ավելի արագ է, քան մարդկանց և կապիկների դեպքում։ Ընդ որում, թռչունները պահպանում են զարմանալի ճշգրտություն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Գիտափորձի ընթացքում երկու սև ագռավների սենսորային էկրանին ցուցադրել են շարժվող կետեր։ Թռչունները պետք է կողմնորոշվեին, թե դրանց մեծ մասը որ ուղղությամբ է շարժվում՝ դեպի ձախ, թե՞ աջ, և կտուցով հարվածեին համապատասխան թիրախին։
Նույնիսկ այն դեպքերում, երբ շարժման ուղղությունը դժվար էր որոշել, ագռավներն ավելի լավ արդյունք էին ցույց տալիս, քան պատահական գուշակությունը։ Իսկ հստակ տեսողական ազդակների պարագայում նրանց պատասխանների ճշգրտությունը հասնում էր գրեթե 100%-ի, հայտնել է հետազոտող Ֆիլիպ Շմիդբաուերը։
Մասնագետները նաև գրանցել են նեյրոնային ակտիվությունը թռչունների ուղեղի հետին-կողմնային նիդոպալիումում (nidopallium caudolaterale)՝ հատված, որը պատասխանատու է բարդ ճանաչողական գործընթացների համար։ Իր գործառույթներով այն նման է մարդու նախաճակատային կեղևին, որը մասնակցում է որոշումների կայացմանն ու պլանավորմանը։
Պատկերի հայտնվելուց ընդամենը 70 միլիվայրկյան անց նեյրոնների ակտիվությունն արդեն սկսել է տարբերվել՝ կախված կետերի շարժման ուղղությունից։ Որոշման կայացմանը զուգահեռ ազդանշաններն ավելի են ուժգնացել, մինչև հասել են այն շեմին, որից հետո թռչունը կտուցով հարվածել է ընտրված թիրախին։ Ընդ որում, նեյրոնային ակտիվությունն արտացոլել է ոչ միայն որոշման ուղղությունը, այլև ստացվող տեսողական տեղեկության որակը։
Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Անդրեաս Նիդերի խոսքով՝ ստացված տվյալները վկայում են, որ թռչունների մոտ որոշումների կայացման մեխանիզմները շատ հարցերում նույնական են մարդկանց և այլ պրիմատների օրգանիզմում ընթացող գործընթացներին։ Չնայած թռչունները չունեն մեծ կիսագնդերի շերտավոր կեղև, նրանց ուղեղն, ըստ ամենայնի, տեղեկությունը մշակում է նույնատիպ հիմնարար սկզբունքներով։
Գիտնականները ենթադրում են, որ արձագանքի նման բարձր արագությունը կարող է պայմանավորված լինել էվոլյուցիոն պահանջներով։ Թռիչքի ժամանակ նրանք պետք է ակնթարթորեն ընկալեն տեսողական ազդակներն ու համակարգեն շարժումները, իսկ կեր հայթայթելիս՝ վայրկենապես կտուցն ուղղեն դեպի թիրախը։ Թե կոնկրետ ինչ մեխանիզմներ են ագռավներին նման արագություն հաղորդում, ցույց կտան հետագա ուսումնասիրությունները։



























