Երկիր մոլորակն աստիճանաբար ավելի կլոր տեսք է ստանում, ընդ որում՝ այս գործընթացն արագանում է բևեռային սառցադաշտերի հալոցքի հետևանքով։ Նման եզրահանգման է եկել Սալոնիկի Արիստոտելի համալսարանի գեոդեզիայի պրոֆեսոր Խրիստոֆորոս Կոտսակիսը։ Ըստ նրա՝ մոլորակի ձևի փոփոխություններին հետևելն օգնում է հասկանալ, թե գլոբալ տաքացումն ինչպես է ազդում բևեռային շրջանների վրա։

Երկիրը կատարյալ գունդ չէ. իր առանցքի շուրջ պտտվելու պատճառով այն բևեռներում մի փոքր սեղմված է, իսկ հասարակածում՝ լայնացած։ Սակայն նոր տվյալները վկայում են, որ մոլորակի պինդ մակերևույթը կամաց-կամաց փոխում է իր ուրվագիծը. բևեռային հատվածները բարձրանում են, իսկ հասարակածային ուռուցիկությունը՝ նվազում։ Միևնույն ժամանակ, հասարակածի շրջանում համաշխարհային օվկիանոսը շարունակում է մնալ ուռուցիկ։

JGR Solid Earth ամսագրում հրապարակված հետազոտությունը հիմնված է Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (GNSS) ուղիղ չափումների վրա։ Երկրի մակերևույթի ձևափոխումներն ավելի ճշգրիտ գրանցելու նպատակով Կոտսակիսը մշակել է այդ տվյալների վերլուծության նոր մեթոդ։

Արդյունքները ցույց են տալիս, որ 2011-2015 թվականներին բևեռային շրջանները բարձրացել են, իսկ Երկրի հասարակածային ուռուցիկությունը կրճատվել է տարեկան մոտ մեկ միլիմետրով։ Համեմատության համար նշենք, որ 1997-2000 թվականներին այդ փոփոխության տեմպը տարեկան կազմում էր շուրջ 0,5 միլիմետր։

Այսպիսով՝ այն արագությունը, որով Երկիրն ավելի կլոր է դառնում, յուրաքանչյուր տասնամյակում աճում է տարեկան մոտ 0,4 միլիմետրով։ Թեև այս թվերը չնչին են մոլորակի հասարակածային տրամագծի համեմատ (շուրջ 12 756 կիլոմետր), դրանք գիտնականներին թույլ են տալիս հետևել Երկրի ձևի երկարաժամկետ վերափոխումներին։

Հետազոտողները նշում են, որ արբանյակային չափումներն ունեն իրենց սահմանափակումները. նավիգացիոն կայանները քիչ են ինչպես Հյուսիսային ու Հարավային բևեռների մոտ, այնպես էլ օվկիանոսային խուլ շրջաններում։ Այդուհանդերձ, տվյալների կատարելագործված վերլուծությունն օգնում է առավել հստակ գնահատել մոլորակի մակերևույթի տեղաշարժերն ու սառույցների կորստի հետևանքները։