Ամերիկյան Warhound ստարտափը, որը ստեղծվել է Colossal Biosciences կենսատեխնոլոգիական ընկերության և Anduril պաշտպանական ընկերության համահիմնադիր Փալմեր Լաքիի մասնակցությամբ, ներգրավել է 200 մլն դոլարի ներդրում (1,2 մլրդ դոլար գնահատման պարագայում), գրելում է TechCrunch-ը։

Ընկերությունը մտադիր է օգտագործել գենային ինժեներիան և մասնագիտացված սարքավորումներ՝ զինվորականների և վտանգավոր որոնողական գործողությունների համար ծառայողական շներ ստեղծելու նպատակով։

Warhound-ի տվյալներով՝ ամերիկյան զինվորականների կողմից օգտագործվող ծառայողական շների ավելի քան 80 տոկոսը մատակարարվում է Եվրոպայից, կենդանիների կեսից պակասն է անցնում ընտրությունը ծառայության համար։ Ստարտափը հույս ունի ձևավորել շների պատրաստման ավելի հուսալի ներքին համակարգ՝ բարելավելով նրանց առողջությունը, ֆիզիկական հատկանիշները և պայթուցիկ նյութեր հայտնաբերելու ունակությունը։

Գենետիկական հետազոտությունների համար ընկերությունն ընտրել է բանակում և ոստիկանությունում լայնորեն կիրառվող երկու ցեղատեսակ՝ բելգիական մալինուա հովվաշունը և գերմանական հովվաշունը։ Գիտնականները նախատեսում են այս շների բջջային գծերը պահպանել կենսաբանկում, այնուհետև փոփոխել նրանց գենետիկական նյութը։

Նպատակների թվում են՝ հոտառության, արագության և ճարպկության բարելավումը, կյանքի տևողության ավելացումը և ժառանգական հիվանդությունների ռիսկի նվազեցումը։

Colossal-ի ղեկավար Բեն Լեմը TechCrunch-ին հայտնել է, որ ավանդական բազմացումը միշտ չէ, որ թույլ է տալիս խուսափել առողջական խնդիրներից։ Թույլ տեսողությունը, ուռուցքաբանական հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածությունը, կոնքազդրային հոդերի դիսպլազիան և մկանների ատրոֆիան կարող են խանգարել կենդանիներին անցնել պատրաստություն և կատարել ծառայողական առաջադրանքներ։

Մյուս ուղղությունը կլինեն պաշտպանիչ սարքավորումները։ Anduril-ը մտադիր է տրամադրել հատուկ ժիլետների և ակնոցների ստեղծման տեխնոլոգիաներ, ինչպես նաև սենսորներով հագեցած համակարգեր, որոնք կկարողանան ուղեկցողներին փոխանցել շան շուրջ իրավիճակի մասին տեղեկատվություն։

Warhound-ի ներդրողների թվում են Sequoia և 8VC վենչուրային հիմնադրամները, ինչպես նաև In-Q-Tel ներդրումային կազմակերպությունը։ Colossal-ը բաժնեմաս ունի ստարտափում և լիցենզավորում է նրան իր տեխնոլոգիաները։ Կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտնի է անհետացած կենդանիների գենետիկական վերստեղծման նախագծերով, այդ թվում՝ դոդոյի և բրդոտ մամոնտի։

Առաջին կլոնավորված շները, որոնք նախատեսվում է ստանալ Colossal-ին պատկանող ViaGen ընկերության մասնակցությամբ, պետք է հայտնվեն 2027 թվականի սկզբին։ Լեմը հույս ունի, որ երկու տարվա ընթացքում կենդանիները կկարողանան անցնել ծառայության։ Նախագծի հնարավոր պատվիրատուներն են ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, ռազմական կառույցները և արտակարգ ծառայությունները։

Ստարտափը նաև համագործակցում է American Humane Society-ի հետ՝ շների պատրաստման ծրագրի հավաստագրման հարցերում։ Ընկերությունը հայտարարում է, որ ծառայության ավարտից հետո կենդանիների համար կընտրվեն հետագա բնակության համար հարմար վայրեր։ Միևնույն ժամանակ, դեռևս մնում են հարցեր գենետիկական մոդիֆիկացիաների կիրառման վերահսկողության և կենդանիների բարեկեցության ապահովման վերաբերյալ։