Շվեդական ավտոարտադրող Volvo-ն բախվել է նոր EX60 էլեկտրական քրոսովերի արտադրության ընդլայնման դժվարություններին՝ մարտկոցային փաթեթի կառուցվածքային առանձնահատկությունների և հավաքման բարդ ավտոմատացման պատճառով, գրել է Autocar-ը։
Ընկերությունը մոդելի համար ստացել է ավելի քան 50 հազար պատվեր, սակայն ապրիլին արտադրության մեկնարկից ի վեր թողարկել է ընդամենը մոտ 5 հազար ավտոմեքենա։
Volvo-ի գլխավոր տնօրեն Հոքան Սամուելսոնը զգուշացրել է, որ արտադրական պլանից հետ մնալու պատճառով նոր մոդելի գործարկումից ֆինանսական արդյունքը կերևա սպասվածից ուշ։ Միևնույն ժամանակ, EX60-ը պետք է կարևոր դեր խաղա ընկերության շահութաբերության վերականգնման գործում և ժամանակի ընթացքում դառնա ապրանքանիշի առավել եկամտաբեր մոդելներից մեկը։
Ուշացումն առաջացել է ավտոարտադրողի համար դժվար պահին։ Հոկտեմբերի 23-ին Volvo-ն հայտնել է 2026 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով գրեթե 280 միլիոն ֆունտ սթեռլինգ վնասների մասին և հայտարարել շահութաբերության բարձրացման ծրագրի շրջանակում 2,5 հազար աշխատակցի կրճատելու պլանների վերաբերյալ։
Volvo-ի կոմերցիոն տնօրեն Էրիկ Սևերինսոնը բացատրել է, որ արտադրության յուրացումը բարդացրել է նոր SPA3 հարթակը, որը պահանջում է արտադրական գործընթացների էական վերակառուցում։ Ընկերությունը մոտ 750 միլիոն ֆունտ սթեռլինգ է ներդրել Գյոթեբորգի մերձակայքում գտնվող Տորսլանդա գործարանում, որտեղ թողարկվում են այս կառույցի վրա հիմնված ավտոմեքենաներ։
Հարթակը նախատեսում է մեգաձուլման կիրառում, որը թույլ է տալիս կրճատել թափքի առանձին դետալների քանակը, ինչպես նաև մարտկոցի ինտեգրման տեխնոլոգիա անմիջապես թափքի ուժային կառուցվածքի մեջ։
Հենց մարտկոցի տեղադրումը դարձել է ուշացման հիմնական պատճառը։ Սևերինսոնի խոսքով՝ մարտկոցի շուրջ 100 բջիջ հնարավոր չէ տեղադրել ձեռքով․ դրա համար անհրաժեշտ է բարձր ավտոմատացված հավաքման գիծ։
Միաժամանակ, Volvo-ն ընդգծում է, որ խնդիրը կապված չէ ծրագրային ապահովման հետ, որը 2024 թվականին հետաձգել էր ավելի մեծ EX90 էլեկտրամեքենայի թողարկումը։ Սամուելսոնը ընդունել է, որ ընկերությունը գուցե չափազանց լավատեսորեն է գնահատել թողարկման ծավալների աճի տեմպերը, սակայն վստահություն է հայտնել, որ արտադրական դժվարությունները կհաջողվի հաղթահարել։
Volvo-ի խնդիրների ֆոնին մրցակից BMW-ն հայտնել է iX3 էլեկտրական քրոսովերի համար 100 հազար պատվեր ստանալու մասին։ Դրա արտադրությունը Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում գտնվող նոր գործարանում աճում է ավելի արագ, քան BMW-ի պատմության մեջ ցանկացած այլ մոդելի գործարկումը։ Ձեռնարկությունն արդեն աշխատում է շուրջօրյա՝ երեք հերթափոխով։
2027 թվականի աշնանը Volvo-ն ծրագրում է շարքը համալրել SPA3 հարթակի վրա ստեղծված ևս մեկ՝ ավելի մատչելի էլեկտրական մեքենայով։ Ենթադրվում է, որ այն կդառնա հնացող EX40 քրոսովերի հաջորդը։




























