Գիտնականները պարզել են, թե ինչպիսի տեսք կարող էին ունենալ դենիսովյան մարդիկ՝ հնագույն մարդկանց անհետացած խումբ, որոնք նեանդերթալցիների մերձավոր ազգականներն էին։ Չինաստանի հյուսիսում գտնվող Սյույցզյայաո հնավայրում հայտնաբերված գանգի և ծնոտի բեկորներից ստացված սպիտակուցների վերլուծությունը հնարավորություն է տվել այդ մնացորդները վերագրել դենիսովյան մարդկանց և հստակեցնել նրանց տարածվածությունը Արևելյան Ասիայում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Չինաստանի գիտությունների ակադեմիայից Ցյաոմեյ Ֆուի գլխավորած խումբը բրածոներից առանձնացրել է 18 հնագույն սպիտակուց և դրանց հաջորդականությունները համեմատել այլ հնագույն մարդկանց ու ժամանակակից Homo sapiens-ի տվյալների հետ։ Գլխավոր ապացույցը դարձել է կոլագենի COL1A2-996K տարբերակը, որը հայտնաբերվել է դենիսովյանների, բայց ոչ նեանդերթալցիների և ժամանակակից մարդկանց մոտ։

Այնուհետև հետազոտողները չափումների և եռաչափ համակարգչային վերակառուցումների օգնությամբ ուսումնասիրել են գանգի և ծնոտի ձևը։ Նրանց տվյալներով՝ դենիսովյան մարդիկ ունեցել են համեմատաբար ցածր և տափակ գանգ՝ հաստ ոսկորներով, արտահայտված հոնքավերևով և դեմքի տափակ գծերով։ Նրանց արտաքինում զուգորդվել են գանգի կառուցվածքի հնագույն առանձնահատկությունները և նեանդերթալցիներին ու մարդկային էվոլյուցիոն գծի ավելի ուշ ներկայացուցիչներին բնորոշ հատկանիշները։

Գտածոն նաև ընդլայնում է պատկերացումները դենիսովյան մարդկանց աշխարհագրության մասին։ Ավելի վաղ նրանց մնացորդները կապում էին հիմնականում սիբիրյան քարանձավների և Տիբեթյան բարձրավանդակի հետ։ Նոր տվյալներն աջակցում են այն վարկածին, որ այս խումբը լայն տարածում ուներ Արևելյան Ասիայում։ Հետազոտողները չեն բացառում, որ տարածաշրջանում հայտնաբերված այլ բրածոներ նույնպես կարող են վերագրվել դենիսովյան մարդկանց։

Նրանք մնում են հնագույն մարդկանց ամենաքիչ ուսումնասիրված խմբերից մեկը՝ հայտնաբերված մնացորդների սակավության պատճառով։ Նոր հետազոտությունն օգնում է ավելի լավ պատկերացնել նրանց ֆիզիկական առանձնահատկություններն ու բազմազանությունը, ինչպես նաև հստակեցնել այս խմբի տեղը մարդու էվոլյուցիայում։