XVII դարի նավաբեկության պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են մեկ մարդու իշխանատենչությունն ու անգթությունը գոյատևման պայքարը վերածել զանգվածային կոտորածի։ Կորպորատիվ փսիխոպատիայի հետազոտող Քլայվ Բոդին կարծում է, որ 1629 թվականին հոլանդական «Բատավիա» նավի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները թույլ են տալիս հետևել տոքսիկ ղեկավարության մեխանիզմներին դեռ շատ առաջ, քան կհայտնվեին ժամանակակից կորպորացիաները։ Այս մասին նա գրել է այն հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Asian Journal of Business Ethics-ում։
1629 թվականի հունիսին Հոլանդական Օստ-հնդկական ընկերության դրոշակակիր «Բատավիա» նավը կործանվել է Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ։ Գրեթե 300 մարդ հասել է մոտակա կղզիներ, սակայն հայտնվել է ծուղակում՝ առանց սննդի և ջրի բավարար պաշարների։ Ավագ սպաները բաց նավակով մեկնել են օգնության հետևից դեպի Բատավիա՝ ներկայիս Ջակարտա, իսկ փրկվածներին ժամանակավորապես ղեկավարելու համար թողել են կրտսեր առևտրային ծառայող Երոնեմյուս Կորնելիսին։
Ականատեսների վկայությամբ՝ Կորնելիսը դեռ մինչև նավաբեկությունը ծրագրել էր խռովություն բարձրացնել և զավթել նավը՝ դրանում եղած ոսկին ու արծաթը հափշտակելու համար։ Կղզիներում հայտնվելուց հետո նա ամրապնդել է իր իշխանությունը, խորհրդի անդամներին փոխարինել իրեն նվիրված կողմնակիցներով և նրանցից հավատարմության երդում պահանջել։ Այնուհետև նա հավանական հակառակորդների մի խումբ զինվոր Վիբե Հեյսի գլխավորությամբ ուղարկել է հարևան կղզի՝ իբր պաշարներ գտնելու, իսկ իրականում նրանց թողնելով բախտի քմահաճույքին։
Կորնելիսը շարունակում էր ձգտել հարստության և սեփական թագավորության ստեղծման։ Հաջորդ ամիսներին նրա կողմնակիցները սպանեցին նավաբեկությունից փրկված ավելի քան 100 տղամարդու, կնոջ և երեխայի։
Նա կոտորածներն արդարացնում էր ջուրն ու սնունդը խնայելու անհրաժեշտությամբ, թեև, հետազոտողների վարկածով, իրականում վերացնում էր այն մարդկանց, որոնց իր իշխանության համար սպառնալիք էր համարում։ Փրկված որոշ կանայք ենթարկվել են սեռական բռնության։
Սակայն Հեյսի խումբը կարողացել է գտնել քաղցրահամ ջրի աղբյուրներ և սնունդ հայթայթել։ Երկու խմբերի միջև տեղի էին ունենում զինված բախումներ, մինչև որ 1629 թվականի հոկտեմբերին հասավ փրկարար նավը։ Այդ պահին «Բատավիայի» ուղևորների և անձնակազմի անդամների սկզբնական թվից ողջ էր մնացել ընդամենը նրանց մոտ մեկ երրորդը։
Կորնելիսին և նրա կողմնակիցներին մահապատժի ենթարկեցին։ Կախաղան բարձրացնելուց առաջ կտրել էին նրանց ձեռքերի դաստակները։ Բոդիի կարծիքով՝ այս պատմությունը ցույց է տալիս տոքսիկ ղեկավարության ծանոթ մեխանիզմները՝ հակառակորդների վերացում, հավատարիմ ենթակաների խրախուսում, ահաբեկում և իշխանության ձգտում ցանկացած գնով։
Միևնույն ժամանակ, որոշ պատմաբաններ կոչ են անում ավելի զգույշ վերաբերվել ողբերգությունը որպես մեկ փսիխոպատի պատմություն մեկնաբանելուն․ հաշվի առնելով առկա վկայություններն ու պատմական հանգամանքները՝ այն կարելի է դիտարկել նաև որպես օրինակ, թե ինչպես է գոյատևման հուսահատ պայքարը փոխում ամբողջ խմբերի վարքագիծը։ Ինքը՝ Բոդին, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նման պայմաններում հայտնված մարդիկ իրենց տարբեր կերպ են դրսևորել․ մի խումբը կարողացել է գոյատևել, մյուսը մխրճվել է բռնության մեջ։





























