Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ն մտադիր է ապագա մոդելների դիզայնը դարձնել ավելի զուսպ և միատեսակ, գրել է Autocar-ը։
Միևնույն ժամանակ, Renault 4, Renault 5 և Twingo ռետրո էլեկտրակա մեքենաները կպահպանեն իրենց ճանաչելի ոճը։ Այս մասին հայտարարել է Renault Group-ի դիզայնի ղեկավար Լորենս վան դեն Աքերը՝ բացատրելով բրենդի ռազմավարության փոփոխությունները կոնցեռնի նոր ղեկավար Ֆրանսուա Պրովոյի նշանակումից հետո։
Վան դեն Աքերի խոսքով՝ ընկերությունը ցանկանում է գտնել հավասարակշռություն յուրաքանչյուր մոդելի անհատականության և ապրանքանիշի միասնական դիզայներական լեզվի միջև։ Ավելի վաղ Renault-ն ձգտում էր ավտոմեքենաներին հաղորդել որքան հնարավոր է վառ և անկրկնելի տեսք, սակայն այժմ մտադիր է շարժվել դիզայնի ավելի մեծ ներդաշնակության ուղղությամբ։
«Սա մի տեսակ ճոճանակ է, որը տատանվում է մի կողմից մյուսը, և այստեղ չի կարող լինել միակ ճիշտ կամ սխալ մոտեցումը», — նշել է վան դեն Աքերը։ Նա պարզաբանել է, որ ռետրո մոդելները նախևառաջ պետք է պահպանեն իրենց ինքնությունը. գնորդները ընտրում են Twingo-ն, R5-ը կամ R4-ը որպես ինքնուրույն ավտոմոբիլային խորհրդանիշներ, այլ ոչ թե Renault-ի ընդհանուր դիզայներական ոճի համար։

Ապրանքանիշի դիզայնի նոր ղեկավար Ալեքսանդր Մալվալը, որը նշանակվել է այս տարի, պետք է օգնի ձևավորել ապագա մոդելների ավելի միասնական կերպարը։ Սա հատկապես վերաբերում է C և D սեգմենտների ավտոմեքենաներին, որոնցում Renault-ն ձգտում է ամրապնդել դիրքերը։ Վան դեն Աքերը E-Space կոնցեպտը անվանել է նոր մոտեցման օրինակ. այն հղում է կատարում օրիգինալ Espace մինիվենին, սակայն միաժամանակ ցուցադրում է ժամանակակից դիզայն։
Ոճական փորձարկումների համար լրացուցիչ հնարավորություններ կբացեն մասնագիտացված էլեկտրական հարթակները։ Դրանց շնորհիվ ապագա մոդելները կարող են ունենալ ավելի երկար անվային բազա, մեծացված անիվներ և կարճ կախոցներ։ Renault-ի մտահղացմամբ՝ նման ավտոմեքենաները կլինեն ամենագնացներից ցածր, բայց ավանդական սեդաններից բարձր։
Վան դեն Աքերը ընդգծել է, որ ավելի թանկ սեգմենտների անցնելուն զուգընթաց՝ դիզայնը պետք է դառնա ավելի զուսպ և ունենա վերժամանակյա տեսք։ Միևնույն ժամանակ, Renault-ն մտադիր է պահպանել ֆրանսիական բնույթը. ավտոմեքենաները պետք է ունենան պատկառելի տեսք, բայց սառը և անդեմ չթվան։





























