ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իրանը անցել է երկրի ներսում և արտերկրում ամերիկացի պաշտոնյաների դեմ հարձակումներ նախապատրաստելու փուլին։ Միևնույն ժամանակ, աղբյուրների գնահատմամբ, Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնն ու Իսրայելը պատրաստվում են նոր լայնածավալ հարված հասցնել Իրանին։ Աճող փոխադարձ կասկածամտությունը մեծացնում է հակամարտության սրման վտանգը՝ մինչև լիակատար պատերազմի, գրում է The New York Times-ը։

Ամերիկացի պաշտոնյաները կենտրոնացած են հետախուզական տվյալների վրա, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանների և Միացյալ Նահանգների տարածքում ամերիկացի ներկայացուցիչների սպանության Իրանի հնարավոր ծրագրերին։ Պարբերականի տվյալներով, նման գործողությունների նախապատրաստմանը կարող է առնչություն ունենալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար 840 ստորաբաժանումը, որը նախկինում արտերկրում կազմակերպել է առևանգումներ և մահափորձեր։ Ընդ որում, նախկինում Իրանի՝ սպանությունների համար կատարողներ վարձելու փորձերը հաճախ խափանվել են դեռևս մինչև հանցագործությունների իրականացումը։

Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների վկայությամբ, հնարավոր հարձակումների մասին տեղեկությունները ստացվել են վերջին շաբաթներին, այդ թվում՝ այն բանից հետո, երբ ենթադրյալ իրանական դավադրություն է բացահայտվել Մեծ Բրիտանիայում գտնվող ռազմական բազայի դեմ, որն օգտագործվում է ամերիկյան զինված ուժերի կողմից։

Միևնույն ժամանակ, հետախուզական նյութերի բովանդակությունը մնում է գաղտնի։ Մինչև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնի՝ ուրբաթ օրը հնարավոր սպառնալիքների մասին նախազգուշացման հրապարակումը, դրանց հետ ծանոթացվել էին միայն ամենաբարձր պաշտոն զբաղեցնող օրենսդիրները։ Որոշ պաշտոնյաներ տարակուսանք են հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նախազգուշացման հրապարակման կապակցությամբ, քանի որ իշխանությունները չէին կարող հրապարակել կոնկրետ ծրագրերը հաստատող ապացույցներ, որոնք կհաստատեին այդ մտավախությունները։

Այս ֆոնին, ինչպես հայտնում են պարբերականի աղբյուրները, Թրամփը մասնավոր կարգով հակվում է Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածների շարք հասցնելուն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստել է թիրախների ընդլայնված ցանկ, որը ներառում է էներգետիկ ենթակառուցվածքը և իրանական տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այլ օբյեկտներ։ Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ նոր հարձակում սկսել ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ, որոնք պետք է կայանան տասը օրից, սակայն թույլ էր տվել հետագա գործողությունների հնարավորությունը քվեարկությունից հետո։

Լրացուցիչ լարվածություն են ստեղծում ԱՄՆ-ում և Իսրայելում սպասվող քաղաքական իրադարձությունները։ Դիվանագետների և փորձագետների գնահատմամբ, ընտրություններից առաջ իրենց դիրքերն ամրապնդելու առաջնորդների ձգտումը կարող է ազդել ուժի կիրառման վերաբերյալ որոշումների վրա։ Հակառակորդի մտադրությունների սխալ գնահատումը կամ ոչ ամբողջական հետախուզական տվյալների օգտագործումը կարող են շղթայական ռեակցիա հրահրել, նախազգուշացնում են պարբերականի զրուցակիցները։