Ուկրաինական հետախուզությունը կրկին ամբողջ ծավալով ստանում է ամերիկյան տվյալներ բալիստիկ հարվածների վերաբերյալ, իսկ Starlink արբանյակային համակարգը ԱՄՆ-ի հետ Օսլոյում բանակցություններից հետո վերականգնել է աշխատանքը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրող Ալլա Մազուրին տված հարցազրույցում, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Ըստ պետության ղեկավարի, բանակցություններն արդյունավետ էին և հնարավորություն տվեցին արդյունքի հասնել երեք առանցքային հարցերից երկուսի մասով։ Զելենսկին հայտնել է, որ Starlink-ը շաբաթ օրը առավոտյան 5:20-ին վերսկսել է աշխատանքը, իսկ բալիստիկ հրթիռային հարվածների մասին հետախուզական տեղեկատվության փոխանակումն այժմ գործում է 100%-ով։
«Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հուզական երկխոսությունը վերադարձել է աշխատանքային հուն։ Starlink-ը վերադարձել է աշխատանքի։ Մենք ունենք ճիշտ արդյունք։ Մենք ստացել ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ էր։ Սա Օսլոյում մեր բանակցությունների մասերից մեկն է», — ասել է նախագահը։
Զելենսկին պարզաբանել է, որ ավելի վաղ Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունները բարդացնում էին երեք խնդիրներ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի պակասը, Starlink-ի աշխատանքի սահմանափակումները և ամերիկյան հետախուզական տվյալների ծավալի կրճատումը։ Ըստ նրա, վերջին երկու հարցերը հաջողվել է լուծել, մինչդեռ Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներով ապահովելու հարցը մնում է բաց։
Նախապատմություն․ Զելենսկին նաև խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հեռանկարների մասին։ Նա ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր ունենալ երկխոսությանը համաձայնելու սեփական շարժառիթները, սակայն ընդգծել է, որ արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն կողմերի իրական հանդիպումից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հրապարակայնորեն կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԿՀՎ-ին վերացնել Զելենսկուն։





























