Օգոստոսի 25-ի ՏԻՄ ընտրություններով պատերազմի քառագլուխ կուսակցությունը արմատախիլ անելու խնդիրը լուծված է, բայց, ինչպես նախկինում առիթ եմ ունեցել ասելու, երբ մի խնդիր լուծում ես, ի հայտ է գալիս 2-3 նոր խնդիր: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Facebook—ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր ծագած խնդիրներին:
«Մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր:
Առաջինը՝ ինչպես անել, որպեսզի ընտրությունների արդյունքների թվերն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն:
Երկրորդը՝ ինչպես անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ:
Երրորդ խնդիրը՝ ինչպես անել, որ ՀՀ-ում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների ու քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն:
Սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածենք»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ընտրված թեկնածուներին և ավագանու անդամներին՝ մաղթելով հաջողություն։ Նա նաև շնորհավորեց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ հերթական անգամ ազատ կամարտահայտման իրենց իրավունքն իրացնելու համար։
«Եթե որևէ տեղ եղել է ազատ կամարտահայտման խոչընդոտ, դրա հետ կապված իմ կարծիքն ասել եմ, դիրքորոշումները հայտնել են:
Բոլոր այն նամակները՝ մի քանիսը, ոչ մեծ թվով, որոնք ստացել եմ, համապատասխան ընթացք ստացել են, և, իհարկե, դրանց կապակցությամբ կլինեմ հետևողական շարունակաբար մինչև տրամաբանական հանգուցալուծումը, որը հետևյալն է՝ ճշմարտության պարզում և պարզաբանում»,- ասաց նա:




























