Honda Motor-ը ներկայացրել է Stepwgn e:HEV Spada մինիվենի հատուկ տարբերակը՝ Black Edition անվան հավելմամբ։ Նոր հատուկ տարբերակը Ճապոնիայի ներքին շուկայում կվաճառվի հոկտեմբերի 16-ից՝ 4 միլիոն 185 հազար իենից սկսվող գնով։
Black Edition-ն ստանդարտ մինիվենի համեմատ ունի մի շարք ոճային առանձնահատկություններ։ Արտաքինում դրանցից են «սև քրոմի» էֆեկտով ձևավորված դեկորատիվ տարրերը (առջևի վանդակի ծածկույթը, բախարգելների, շեմքերի և բեռնախցիկի դռան մոլդինգները)։ Բացի դրանից, Black Edition-ը տարբերվում է Berlina Black բնօրինակ դիզայնի սև ներկված թեթևաձույլ անվահեծերով (ներառյալ՝ անիվների պնդօղակները), գրում է Drom.ru-ն։ Տեսքն ամբողջացնում են դռների բռնակների ծածկույթներն ու հետադարձ տեսանելիության հայելիների պատյանները։
Սրահում նստատեղերը պատված են սև կաշվով։ Բացի դրանից, Black Edition-ը ենթադրում է մինիվենի համալրում որոշ սարքավորումներով։ Մասնավորապես՝ լուսարձակների հեռավոր լույսի ավտոմատ միացում, երկրորդ շարքի նստատեղերի տաքացում, սրահի LED լուսավորման տարրեր, հետևի նստատեղից դուրս գալու հենարան։
Հիշեցնենք, որ Stepwgn-ի հիբրիդային տարբերակը համալրված է e:HEV համակարգով․ այն ներառում է 2,0 լիտրանոց LFA մթնոլորտային բենզինային շարժիչ (145 ձ.ուժ, 175 Նմ), էլեկտրաշարժիչ, գեներատոր և լիթիում-իոնային մարտկոց։ Համակարգի ընդհանուր առավելագույն հզորությունը 184 ձիաուժ է։ Կայանքն ունի աշխատանքի երեք ՝ Hybrid Drive, Engine Drive և EV Drive ռեժիմ։





























