Համաշխարհային ֆինանսական համակարգը շարունակում է ավելի շատ միջոցներ ուղղել բնությունը կործանող գործունեությանը, քան դրա պահպանմանը։ Կենսաբազմազանության կորուստը կանգնեցնելու համար անհրաժեշտ է փոխել այդ մոտեցումը, բարեփոխել վնասակար սուբսիդիաները և արագացնել միջազգային պարտավորությունների կատարումը։ Դրա մասին Երևանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։

Նրա կարծիքով՝ համաժողովի երկրորդ շաբաթը պետք է պարտավորությունների քննարկումից դեպի ավելի ակտիվ գործողություններ անցնելու փուլ դառնա։ Շոմեյքերն առանձնացրել է աշխատանքի երեք հիմնական ուղղություն՝ հաշվետվողականություն, ազգային քաղաքականության համապատասխանեցում միջազգային նպատակներին և գործնական քայլերի արագացում։ «Մենք պետք է անցում կատարենք այն իրավիճակից, երբ գործում ենք բնության դեմ և ավելի շատ գումար ենք ծախսում դրա ոչնչացման, քան դրա փրկության վրա, դեպի այնպիսի ֆինանսական և տնտեսական համակարգ, որը համահունչ է բնության հետ ներդաշնակ կյանքին»,- ընդգծել է նա։

Շոմեյքերը հիմնական խնդիրներից մեկը համարել է բնությանը վնաս հասցնող «վնասակար» սուբսիդիաները։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել պետական աջակցության մեխանիզմները և ֆինանսավորումը վերաուղղել կենսաբազմազանության պահպանմանը նպաստող միջոցառումների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել COP17-ի նախագահությանը՝ երկրներին վնասակար սուբսիդիաների բարեփոխման և դրական խթանների ընդլայնման շուրջ համախմբելու ջանքերի համար։ Այդ համատեքստում Շոմեյքերը նշել է նաև «Նպատակ 18-ի ընկերներ» նախաձեռնությունը, որը կապված է համապատասխան փոփոխությունների առաջմղման հետ։ Խոսքը միայն բնապահպանական ծախսերի ավելացման մասին չէ, այլ նաև ֆինանսական և տնտեսական մեխանիզմների վերակառուցման, որպեսզի դրանք չխրախուսեն էկոհամակարգերի ոչնչացումը։

Շոմեյքերը նշել է առաջընթացը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման հարցում։ Ըստ նրա՝ Կոնվենցիայի մասնակիցների 70%-ը ներկայացրել է ազգային զեկույցներ, իսկ 90%-ը հարմարեցրել է կենսաբազմազանության գլոբալ նպատակները ազգային պայմաններին։ Նա այդ ցուցանիշները գնահատել է որպես երկրների պատրաստակամության վկայություն՝ աշխատելու համաձայնեցված միջազգային համակարգի շրջանակում։ Սակայն, ընդգծել է Կոնվենցիայի ղեկավարը, միայն հաշվետվությունը բավարար չէ. անհրաժեշտ է վերացնել կենսաբազմազանության կորստի պատճառները, ոչ թե միայն արձագանքել դրա հետևանքներին։

Շոմեյքերը ևս մեկ առաջնահերթություն է համարել գործողությունների արագացումը։ Ըստ նրա՝ 2030 թվականի մոտենալը պետություններից պահանջում է ավելի օպերատիվ կերպով կատարել ստանձնած պարտավորությունները։ Լրացուցիչ ուշադրության կարիք ունեցող հարցերի թվում նա առանձնացրել է գլոբալ շրջանակային ծրագրի 13-րդ և 23-րդ նպատակները, գենդերային հավասարությունը, կանանց, բնիկ ժողովուրդների, երիտասարդության և տեղական համայնքների մասնակցությունը։ Նա նաև ընդգծել է կենսաբազմազանության ոլորտում կրթության կարևորությունը, որպեսզի երիտասարդները վաղ տարիքից հասկանան բնության հետ ներդաշնակ կյանքի նշանակությունը։

Շոմեյքերը հիշատակել է նաև կենսաբազմազանության օգտագործումից ստացվող օգուտների արդար բաշխման և մոդիֆիկացված կենդանի օրգանիզմների հետ կապված ռիսկերի գնահատման անհրաժեշտությունը։ «Կենսաբազմազանության ճգնաժամը խորն է, և թվերը շատ լուրջ ազդակ են ուղարկում։ Ֆինանսական գործողությունները պետք է արագացնել, սակայն չափազանց կարևոր է հասկանալ, որ միավորվելով՝ մենք կարող ենք հասնել փոփոխությունների։ Մեզանից յուրաքանչյուրն կարող է ակտիվորեն մասնակցել կենսաբազմազանության կորստի կանխարգելմանը», - եզրափակել է նա։