Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն Հայաստանին և Ադրբեջանին անհետ կորածների որոնման աշխատանքներում (Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով՝ խմբ.)։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Երևանում հայտնել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։
Նախարարը նշել է, որ Նիդերլանդները ողջունում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու երկրների քայլերը։ «Ողջունում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Շատ կարևոր է, որ այս գործընթացն ավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,— ասել է նա՝ խոստանալով նոր ֆինանսական աջակցություն հատկացնել երկու երկրներին՝ անհետ կորածների որոնման նպատակով։ Նախարարը նաև ողջունել է խաղաղության ճանապարհն ընտրելու հայ ժողովրդի որոշումը, ինչպես նաև եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ գործակցության ձգտումը։
Նրա խոսքով՝ խաղաղության հաստատման գործընթացում շատ կարևոր է վստահության կամուրջներ կառուցելը։
Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է հարցի զգայունությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար՝ կարևորելով միջազգային գործընկերների ու երրորդ կողմերի ներգրավվածությունն այս գործընթացում։











