Պերուում հնագետները մոտ 1500 տարվա հնության հարուստ զարդարված դամբարան են հայտնաբերել, որտեղ, ենթադրաբար, թաղված է ոչ ավելի, քան երկու տարեկան երեխա՝ մոչե հին քաղաքակրթության ընտրախավից, որը գոյություն է ունեցել ինկաների կայսրությունից շատ առաջ, գրում է Live Science-ը։
Թաղման իրերի թվում են՝ պղնձե դիմակ, 32 կերամիկական առարկա, դրանց թվում՝ կապված գերիների պատկերներով անոթներ, ինչպես նաև մարդկային մարմնով և թռչնի թևերով աստվածության քանդակ։

Ինչպես Live Science-ին հայտնել է Տրուխիլիոյի համալսարանի «Ուակաս-դե-Մոչե» հնագիտական նախագծի ղեկավար Կառլոս Ռենգիֆո-Չունգան, երեխայի սեռը առայժմ չի հաջողվել պարզել։ Բացի հանգուցյալի դեմքը ծածկող պղնձե սկավառակից, հնագետները նրա ոտքերի մոտ կիսալուսնի ձևով պղնձե առարկա են գտել։ Ինքը՝ դամբարանը, այնքան ընդարձակ է եղել, որ այնտեղ լիովին կարող էր տեղավորվել նաև մեծահասակ մարդ։
Թաղումը թվագրվում է VI–VII դարերով։ Այն հայտնաբերվել է Պերուի հյուսիսում գտնվող Ուակաս-դե-Մոչե հնագիտական համալիրի տարածքում՝ Ուլե հարթակի ներսում, որը դամբարանադարան է և կից է Ուակա-դե-լա-Լունա տաճարին։ Այնտեղ ավելի վաղ հայտնաբերված ավելի քան 80 թաղումների շարքում սա երեխայի միակ հայտնի դամբարանն է նման հարուստ թաղման նվերներով։ Ռենգիֆո-Չունգան նշում է, որ՝ գերեզմանի տեղադրությունը և պղնձե առարկաների օգտագործումը վկայում են, որ հանգուցյալը պատկանել է մոչե հասարակության բարձր խավերին։

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում գերիների պատկերներով երկու կերամիկական անոթները։ Դրանք առնչվում են մոչե արվեստում տարածված ծիսական մենամարտի սյուժեին․ երկու մարտիկներ կռվում են, ինչից հետո պարտվողին մերկացնում են, զրկում զենքից, պարանով կապում պարանոցից և զոհաբերում։ Սակայն նման պատկերները մանկական թաղումներում հազվադեպ են հանդիպում։
«Սովորաբար կարելի է ենթադրել, որ նման անոթներն առնչվում են հանգուցյալի կյանքի ինչ-որ կողմին»,- նշել է Ռենգիֆո-Չունգան։ Օրինակ՝ դրանք կարող էին մատնանշել մարդու մասնակցությունը մարտական ծեսերին։ Բայց երկամյա երեխան ակնհայտորեն չէր կարող դրանց մասնակցել։ Հետազոտողի կարծիքով՝ այս գտածոն ընդլայնում է գիտնականների պատկերացումները մոչեների թաղման սովորույթների մասին։
Մեկ այլ անսովոր առարկա է մարդկային մարմնով, թռչնի թևերով և պոչով էակի քանդակը։ Մի ձեռքում այն պահում է քառակուսի վահան, մյուսում՝ գավաթ։ Կողքերին ծիսական հանդերձանքներով երկու թռչուններ են։ Հետազոտողները ենթադրում են, որ դա աստվածության պատկեր է, թեև որոշ մասնագետներ կարող են այդ կերպարը մեկնաբանել իբրև փոխակերպման ընթացքի մեջ գտնվող աստված։
Մոչե մշակույթը, որը հայտնի է նաև որպես մոչիկա, զարգացել է ժամանակակից Պերուի հյուսիսային ափին III-ից IX դարերում։ Նրա ներկայացուցիչները անապատային շրջաններում ոռոգման ջրանցքներ և գյուղատնտեսական հողատարածքներ էին ստեղծում, մոնումենտալ տաճարներ էին կառուցում, զբաղվում էին մետաղամշակմամբ, հյուսքով և կերամիկայի արտադրությամբ։ Նրանք սեփական գրային համակարգ չեն ունեցել, սակայն թողել են հազարավոր իրապաշտ կերամիկական անոթներ, դրանց թվում՝ մարդկանց և առօրյա կյանքի տեսարանների պատկերներով։





























