Երջանկության ոլորտի առաջատար հետազոտողների միջազգային խումբը հանգել է այն եզրակացության, որ այլ մարդկանց հետ ամուր հարաբերությունները բարեկեցության ամենահուսալի գործոններից մեկն են։ Ավելին, գիտնականները խոստովանել են, որ այդ թեման երկար տարիներ ուսումնասիրելուց հետո իրենք էլ գիտակցաբար սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Դրա մասին ասվում է Journal of Happiness Studies գիտական հանդեսում հրապարակված հոդվածում։

2026 թվականի սկզբին բարեկեցության ոլորտի 13 միջազգային փորձագետներ տեսակապով հանդիպել են՝ քննարկելու համար, թե իրենց համատեղ 600-ամյա հետազոտական փորձն ու անձնական դիտարկումները ինչ են սովորեցրել լավ կյանքի մասին։ Զրույցի արդյունքները հիմք են դարձել գիտական աշխատանքի համար, որը գրել են Կանադայի Սայմոն Ֆրեյզերի համալսարանից Լարա Աքնիինը, Հարվարդի համալսարանից Սադե Ստենլունդը և Լյուքսեմբուրգի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտից Քելսի Օ'Քոննորը։

«Երջանկությունը բաղկացած է բազմաթիվ գործոններից, բայց եթե ստիպված լինեի նշել դրա մեկ գաղտնիքը, ես կընտրեի այլ մարդկանց հետ հարաբերությունները»,- ասում է Աքնիինը՝ սոցիալական հոգեբանության պրոֆեսոր և Երջանկության համաշխարհային տարեկան զեկույցի խմբագիրներից մեկը։

Ըստ նրա՝ սոցիալական գիտությունների բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ սոցիալական կապերը բարեկեցության ամենակայուն ցուցանիշներից մեկն են։ Ընդ որում, մարդուն պարտադիր չէ ունենալ շփման լայն շրջանակ․ նույնիսկ մեկ մարդը, ում կարելի է ապավինվել, կարող է էապես ազդել կյանքի որակի վրա։ Լրացուցիչ հարաբերություններն ու համայնքին պատկանելու զգացումն ուժեղացնում են այս ազդեցությունը։

Գիտնականներն ընդգծում են նաև, որ երջանկությունը մշտական վիճակ չէ և ոչ էլ իդեալական պայմաններ կամ բնածին լավատեսություն ունեցող մարդկանց արտոնություն։ Այն կարելի է զարգացնել գիտակցված որոշումների, ինքնաճանաչման և դժվարություններին հարմարվելու ունակության շնորհիվ։

Ըստ բարեկեցության որոշ ազդեցիկ մոդելների՝ երջանկության մակարդակի տարբերությունների մոտ 10%-ը բացատրվում է կյանքի այնպիսի հանգամանքներով, որոնք դժվար է փոխել, օրինակ՝ տարիքով, բնակության վայրով, զբաղվածությամբ կամ ընտանեկան կարգավիճակով։ Մինչև 40%-ը կապվում է այն հանգամանքի հետ, թե ինչպես է մարդը գիտակցաբար տնօրինում իր ժամանակը և ինչ գործունեությամբ է լցնում իր կյանքը։

Դա նշանակում է, որ նույնիսկ հոռետեսության հակված մարդիկ կարող են փորձել գիտականորեն հիմնավորված եղանակներ՝ իրենց վիճակը բարելավելու համար, օրինակ՝ մեդիտացիան և երախտագիտության գործելակերպը, որոնք օգնում են նկատել կյանքի դրական կողմերը։

Միևնույն ժամանակ մասնագետներն ընդունում են, որ բարեկեցության մասին գիտությունը, որը ձևավորվել է 1970-ականներին, դարձել է ավելի մասնատված․ ժամանակակից հետազոտողները զարգացնում են տարբեր ուղղություններ և մոտեցումներ։ Սակայն նրանց դեռևս միավորում է գիտական եզրակացությունները գործնականում ստուգելու և մարդկանց կյանքը բարելավելու ուղիներ գտնելու ձգտումը։

Աքնիինը նշում է, որ բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի հետնապատկերին երջանկության մասին խոսակցությունները երբեմն կարող են անլուրջ թվալ։ Սակայն բարեկեցությունը կապված է նաև այլ կարևոր արդյունքների, դրանց թվում՝ շրջապատողներին օգնելու պատրաստակամության հետ։

«Երբ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ամեն ինչ լավ է, նրանց կյանքում ի հայտ են գալիս հնարավորություններ, ուժ և մոտիվացիա՝ մասնակցելու հասարակական կյանքին, հոգ տանելու մտերիմների մասին և աջակցելու իրենց համայնքներին»,- պարզաբանում է հետազոտողը։

Նրա գնահատմամբ՝ ուրիշների հանդեպ հոգատարությունը ոչ միայն օգուտ է բերում շրջապատողներին, այլև վերադառնում է նրան, ով դա դրսևորում է։

«Առատաձեռնությունը զրոյական գումարով խաղ չէ»,- եզրափակում է Աքնիինը։