Մարդիկ շատ ավելի լավ են հիշում իրենց երկրի և լեզվական միջավայրի հայտնի պատմական գործիչներին, քան աշխարհի այլ մասերի նշանավոր անձանց։ Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնք ուսումնասիրել են Վիքիպեդիայի ավելի քան 50 հազար կենսագրություն և 41 հազար մարդու մասնակցությամբ առցանց փորձի տվյալները։ Աշխատության արդյունքները հրապարակվել են PNAS Nexus գիտական հանդեսում։

«Մշակութային մերձավորությունն ի հայտ է բերում տեղական հավաքական հիշողության առավելությունը» վերնագրով հետազոտությունն իրականացրել են Կոնստրուկտորի համալսարանի պրոֆեսոր Մարիանա Մասեդոն և նրա գործընկերներ Մելանի Օյարսունը, Քրիստիան Կանդիան և Սեսար Ա. Իդալգոն։

Հեղինակները համեմատել են պատմական անձանց հռչակը տարբեր երկրներում և լեզվական համայնքներում։ Պարզվել է, որ փորձի մասնակիցները մոտ 10%-ով ավելի հաճախ ճիշտ ճանաչում էին իրենց երկրի հայտնի մարդկանց և 5%-ով ավելի հաճախ՝ իրենց լեզվական խմբի ներկայացուցիչներին։ Այսպիսով, հռչակը չի սահմանափակվում մեկ միասնական սանդղակով․ մարդը կարող է լավ հայտնի լինել հայրենիքում, նրա սահմաններից դուրս, երկու դեպքում էլ կամ ամենուր քիչ հայտնի մնալ։

Որպես օրինակ՝ հետազոտողները բերում են Նապոլեոն Բոնապարտին և Բեռնարդո Օ’Հիգինսին՝ 19-րդ դարի ռազմական և քաղաքական գործիչների, որոնք կարևոր դեր են խաղացել համապատասխանաբար Ֆրանսիայի և Չիլիի պատմության մեջ։ Նապոլեոնը հայտնի է ամբողջ աշխարհում, մինչդեռ Օ’Հիգինսին հայրենիքից դուրս զգալիորեն ավելի քիչ են ճանաչում։

Հեղինակների բնորոշմամբ՝ այդ տարբերությունը կարևոր է ոչ միայն պատմական փառքը գնահատելու տեսանկյունից։ Միջազգային ճանաչումը կարող է հնարավորություններ բացել արտերկրում մասնագիտական գործունեության համար, մինչդեռ տեղական մակարդակով ընդունված լինելը երբեմն ավելի օգտակար է կոնկրետ համայնքի խնդիրները լուծելու համար։ Օրինակ՝ քաղաքում հասարակական տրանսպորտի բարելավումը տեղական պայմանների, լեզվի և բնակիչների հետ կապերի իմացություն է պահանջում։

Հետազոտողները ուսումնասիրել են նաև, թե ինչպես են հավաքական հիշողության վրա ազդում երեք իրադարձություն՝ «Օսկար» մրցանակ ստանալը, Նոբելյան մրցանակի շնորհումը և հայտնի մարդկանց մահը։ 2015-2024 թվականների ժամանակահատվածի վերլուծությունը ցույց է տվել, որ նման իրադարձություններից հետո հայրենիքում ուշադրությունը կտրուկ աճում է, սակայն հետո աստիճանաբար թուլանում։ Միջազգային հռչակն, ընդհակառակը, աճում է ավելի դանդաղ, բայց այդ աճը կարող է ավելի երկարատև լինել։ Նոբելյան մրցանակի դեպքում տեղական մակարդակում բարձրացված ուշադրությունը երբեմն պահպանվել է տարիներով։

Հեղինակները կարծում են, որ հավաքական հիշողության ձևավորման մեջ մեծ դեր են խաղում լեզուն, կրթությունը, զանգվածային լրատվության միջոցները և առաջարկությունների ալգորիթմները։ Տեղեկության հետ ծանոթանալն ինքնին դեռ չի նշանակում, որ մարդը կհիշի այն․ լայն ժողովրդականության ամրապնդման համար կարևոր են կրկնությունն ու տեղեկությունների հասանելիությունը։

Գիտնականներն առանձին ուշադրություն են դարձրել նաև արհեստական բանականությանը։ Ի տարբերություն Վիքիպեդիայի, որտեղ օգտատերերն ինքնուրույն են ընտրում հոդվածները, արհեստական բանականության համակարգերը նրանց փոխարեն ընտրում և ընդհանրացնում են տեղեկությունը։ Դա կարող է ուժեղացնել այն պատմական կերպարների համբավը, որոնք արդեն ներկայացված են բազմաթիվ աղբյուրներում և տարածված լեզուներով, և երկրորդ պլան մղել այն գործիչներին, որոնք կարևոր են առանձին երկրների և մշակույթների համար։

Միևնույն ժամանակ արհեստական բանականությունը կարող է լայն լսարանին ծանոթացնել բժվազ հռչակավոր պատմական անձանց հետ։ Հետազոտողների կարծիքով՝ հետագա աշխատանքները պետք է ցույց տան, թե արհեստական բանականության օգտագործումն ազդում արդյոք է ոչ միայն այն հանգամանքի վրա, թե ինչ տեղեկություն են մարդիկ ստանում, այլ նաև այն հանգամանքի վրա, թե ինչ են նրանք իսկապես հիշում որոշ ժամանակ անց։