ԱՄՆ-ի դաշնային դատախազները ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրանքներ են առաջադրել ազգային պաշտպանության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու և դրանք փոխանցելու նպատակով դավադրության մեջ։ Սա արդեն Քոմիի դեմ երրորդ քրեական գործն է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոն վերադառնալուց հետո, հայտնում է NBC News-ը։

Մեղադրանքներն առնչվում են The New York Times պարբերականի՝ 2016 թվականի հոկտեմբերի 5-ի հոդվածին, որը վերաբերում էր Yahoo-ի կողմից ամերիկյան հատուկ ծառայություններին էլեկտրոնային հսկողության հարցում ցուցաբերված աջակցությանը։ Մեղադրանքի վարկածով՝ Քոմին ՀԴԲ աշխատակիցներին հանձնարարել է կապ հաստատել հրապարակման հեղինակ Չարլի Սևիջի հետ՝ նախորդ օրը հրապարակված Reuters գործակալության հոդվածում եղած անճշտությունները շտկելու համար։ Միևնույն ժամանակ, ինչպես պնդում են դատախազները, նա լրագրողին ապօրինաբար գաղտնի տեղեկություններ է փոխանցել։

Քոմին մերժել է մեղադրանքները՝ տեղի ունեցողն անվանելով ԱՄՆ արդարադատության նախարարության լիազորությունների աղաղակող չարաշահում։ «Ոչինչ չի փոխվել։ Ես նախկինի պես անմեղ եմ, նախկինի պես չեմ վախենում այս մարդկանցից և նախկինի պես հավատում եմ դաշնային դատական համակարգի անկախությանը»,- հայտարարել է նա երկուշաբթի Substack հարթակում հրապարակված տեսաուղերձում։

Քոմիի պաշտպանությունը պահանջել է կարճել գործը՝ պնդելով, որ վաղեմության ժամկետն անցել է։ Փաստաբանների կարծիքով՝ կառավարությունը ենթադրյալ իրավախախտումից հետո տասը տարվա ընթացքում պետք է ստանար մեծ ժյուրիի մեղադրական եզրակացությունը։ Փոխարենը դատախազները վերջին պահին այսպես կոչված քրեական տեղեկություններ են ներկայացրել՝ մեղադրանքներ պարունակող փաստաթուղթ, որն ինքնին թույլ չի տալիս սկսել դատական գործընթաց, եթե մեղադրյալը չի հրաժարվում գործը մեծ ժյուրիի կողմից քննելու իրավունքից։

Արդարադատության նախարարությունում պնդում են, որ նման փաստաթղթի ներկայացումը թույլ է տալիս կասեցնել վաղեմության ժամկետի ընթացքը, և որ մեղադրանքները ներկայացվել են ժամանակին։ Սակայն ԱՄՆ դատախազության Կոլումբիայի օկրուգի ստորաբաժանման նախկին ղեկավար Գրեգ Ռոզենն այդ քայլն անսովոր է անվանել և բնութագրել որպես վրեժխնդրության դրսևորում։

Գործը հոկտեմբերի 5-ից գաղտնի էր պահվում և այն հրապարակել է դաշնային դատավոր Թրևոր Մաքֆադենը։ Այժմ դատախազներին, եթե դատարանը թույլ տա շարունակել վարույթը, անհրաժեշտ կլինի ստանալ մեծ ժյուրիի մեղադրական եզրակացությունը։

Քոմին ղեկավարում էր ՀԴԲ-ն, երբ հրապարակվեց 2016 թվականի հոդվածը։ 2017 թվականի մայիսին Թրամփը նրան ազատեց աշխատանքից, երբ բյուրոն սկսել էր հետաքննել 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը և Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերը Մոսկվայի հետ։ Այդ ժամանակից ի վեր նախագահը բազմիցս կոչ է արել պատասխանատվության ենթարկել ՀԴԲ նախկին ղեկավարին։

Քոմիի դեմ առաջին քրեական գործը դատարանը կարճել էր։ Մեկ այլ գործով 2026 թվականի ապրիլին նրան Հյուսիսային Կարոլինայում մեղադրանքներ էին առաջադրվել՝ խեցիների լուսանկարի հրապարակման առնչությամբ, որոնք դասավորված էին «8647» համադրությամբ, ինչը քննությունը Թրամփին ուղղված սպառնալիք էր գնահատել։ Քոմին միաժամանակ հերքում է իր մեղքը։

Նույն օրը դաշնային դատավորը որոշել է, որ ՀԴԲ նախկին ղեկավարի դուստրը՝ Մորին Քոմին, անցյալ տարի ապօրինաբար ազատվել էր Արդարադատության նախարարությունից, և կարգադրել է վերականգնել նրան պաշտոնում։