Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվող COP17 միջազգային համաժողովի շրջանակում Dalan Technopark-ի գործառնական տնօրեն Հայկ Տեր-Տաճատյանը հանդես է եկել «Յուրաքանչյուր շենք կենսաբազմազանության մասին որոշում է» թեմայով ելույթով։

Կարևորելով շրջակա միջավայրի պահպանումը՝ նա անդրադարձել է քաղաքաշինության ազդեցությանը բնական ռեսուրսների վրա և ներկայացրել կենսաբազմազանության պահպանման միջազգային փորձն ու Dalan Technopark-ում կիրառվող մոտեցումները։

Ելույթի ընթացքում Հայկ Տեր-Տաճատյանն ընդգծել է, որ կենսաբազմազանությամբ հարուստ Հայաստանում քաղաքաշինության զարգացումը պետք է ուղեկցվի շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումներով։ Ժամանակակից շինարարության կարևոր խնդիրներից է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և շենքերի ազդեցության նվազեցումը շրջակա էկոհամակարգի վրա։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է դեռևս նախագծման փուլում բնապահպանական գործոնների հաշվառումը և այնպիսի լուծումների կիրառումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը՝ շինարարությունից մինչև շենքի հետագա շահագործում։

Կարևոր է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, լուսային աղտոտման նվազեցումը, շինարարական աշխատանքների ճիշտ կազմակերպումը և շենքի հետագա շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելը։

Որպես այս մոտեցումների գործնական օրինակ ներկայացվել է Dalan Technopark-ը՝ 154,500 քմ ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր, որը նախագծվել և կառուցվում է LEED կանաչ շինարարության ստանդարտի պահանջներին համապատասխան։

«Մենք ցանկացանք ներկայանալ COP17-ում, քանի որ Հայաստանում Dalan Technopark-ը առաջին կոմերցիոն շենքն է, որը նախագծվել, կառուցվում և շահագործվելու է LEED և BOMA միջազգային ստանդարտներով։ Այն ամենն, ինչ անում ենք շինարարության կազմակերպման և հետագայում շենքի շահագործման համար, ուղղակիորեն համընկնում է COP17-ի գաղափարախոսության հետ», — նշել է Հայկ Տեր-Տաճատյանը։

Ելույթի ընթացքում ընդգծվել է նաև Dalan Technopark-ի առաջատար դերը Հայաստանում կայուն շինարարության նոր մշակույթի ձևավորման գործում։ Նախագծում որդեգրված սկզբունքներն ու շինարարության կազմակերպման մոտեցումները կարող են օրինակ ծառայել և հիմք դառնալ Հայաստանում շինարարության նոր չափանիշների մշակման ու ներդրման համար։

Դալան Տեխնոպարկի մասին

Դալանի կառուցապատման մակերեսը 154 500 քմ է։ Տեխնոպարկն առաջարկելու է 3000 օֆիսային աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից։ Տեխնոպարկի տաս հարկերում տեղակայված են լինելու գրասենյակային տարածքներ, իսկ հասարակական տարածքներում գործելու է ցուցասրահ, գիտահետազոտական կենտրոն, ռեստորան, ֆուդ կորտ, մարզասրահ, լողավազան, կենտրոնն ունենալու է կոնֆերանս սրահներ և առևտրային գոտի։