Զինվորական ուսումնամարզական ճամբարներից մեկում այժմ կառուցվում է վրանային ավան, որտեղ պահեստազորայինների 25-օրյա հավաքների մասնակիցները 10-օրյա պատրաստություն են անցնելու։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հավաստիացրեց, որ այդ տարածքում ապահովվելու են սոցիալ-բնակարանային ու կենցաղային բավականին բարձր պայմաններ։
Պապիկյանը պարզաբանեց, որ այս նախագծին Խաղաղության հիմնադրամի գործիքակազմի միջոցով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Եվրոպական միությունը։
Նախարարի խոսքով՝ հավաքները կազմակերպվում են մասնակիցների զինվորական մասնագիտություններին համապատասխան ձևով։
«Ընդ որում, մենք փորձում ենք ավելի շատ շեշտը դնել բանակում մասնակիցների քաղաքացիական գիտելիքներն ու հմտությունները կիրառելու վրա», — հավելեց նախարարը։





























