«Ռոսատոմը» նախատեսում է նոյեմբերին Իրանի «Բուշեր» ատոմակայանում շինարարական անձնակազմի թիվը հասցնել շուրջ 200-ի, հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ռազմական հակամարտության թեժ շրջանում շինհրապարակում ռուսաստանցի աշխատակիցների թիվը շուրջ 700-ից նվազել է մինչև 20-ի։ Ընդ որում, «Ռոսատոմի» մասնագետները չեն լքել կայանը նույնիսկ ամենածանր օրերին։

Այժմ օբյեկտում աշխատում է շուրջ 125 շինարար։ Եվս մոտ 40 մարդ ներգրավված է սպասարկման և նախնական գործառնությունների ապահովման աշխատանքներում։ Հաջորդ ամիս կորպորացիան ակնկալում է շինարարական անձնակազմի թիվը հասցնել 200-ի։

Լիխաչովը նշել է, որ ռազմական իրադրության նոր սրման դեպքում ծրագրերը կարող են փոխվել։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» պատրաստվում է իրադարձությունների նման զարգացմանը, սակայն առայժմ առաջնորդվում է լավատեսական սցենարով։