ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցի նպատակներից մեկը երկրների առաջնորդների հետ հանդիպումների անցկացումն է`առաջիկա ընտրությունների ժողովրդավարության ապահովման հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա հիշեցերեց, որ Հայաստանն առաջինն է հարեւան երկրներից, որտեղ տեղի ունեցան ընտրությունները` ավելացնելով, որ Հայաստանը, անկասկած, տարածաշրջանում կարեւոր ռազմավարական երկիր է:
«Գոյություն ունի ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնող եւս երկու գործոն` Ռուսաստանն ու Իրանը»,-ընդգծեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ղարաբաղայան հակամարտությանը, ապա, Կիրակոսյանի կարծիքով, այդ հարցն, անկասկած, կլինի այցի օրակարգում: «Սակայն այդ համատեքսոտում ես նոր բան չեմ ակնկալում»,-նշեց նա:
Կիրակոսյանի խոսքով` Քլինթոնը կփորձի նաեւ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: «Հիմա, երբ Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել, Թուրքիայի վրա սահմանների բացման առումով ճնշում կգործադրվի»,-կարծում է փորձագետը:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Հարավային Կովկաս եւ Թուրքիա տեղի կունենա հունիսի 4-7-ը:




























