Մենք բոլոր միջազգային գործընկերներին, ինչպես նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել ենք, որ չենք պատրաստվում մեր Սահմանադրության հետ կապված որևէ հարց քննարկել որևէ արտաքին սուբյեկտի հետ։ Դրա մասին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններն արվում են Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար, քանի որ դրանք սնուցում են ընդդիմության օրակարգը։

Պաշտոնական մակարդակով մեզ ասում են, որ Սահմանադրության հարց չեն բարձրացնում, իսկ մենք հայտնում ենք, որ այդ հարցի վերաբերյալ մեր ընկալումն այդպիսին է»,- հավելել է նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նոր Սահմանադրության ընդունման հարցը ներառված է կառավարության ծրագրում՝ նա վստահեցրել է, որ իշխանությունները հետևողականորեն գնալու են այդ ճանապարհով։

«Մենք Ադրբեջանին ասում ենք՝ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, և մենք պատրաստվում ենք դա քննարկել բացառապես Հայաստանի ժողովրդի հետ։

Առաջիկայում Սահմանադրության տեքստը կհրապարակվի, և կսկսվեն քննարկումները։

Մենք հստակ ասում ենք Ադրբեջանին, որ չենք պատրաստվում նրա հետ քննարկել Սահմանադրության հարցը, և մեզ համար անընդունելի է, որ որոշակիորեն շահարկումներ են անում և սնուցում մեր ընդդիմությանը»,- ընդգծել է նա։