Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ինտենսիվ հարվածների նոր շարքը կտևի մի քանի օր, հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրներին։

Միևնույն ժամանակ, ըստ դիվանագետների, Իրանի պատասխան գործողությունները կարող են հանգեցնել ավելի երկարատև հակամարտության։

Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ Վաշինգտոնն արդեն զգուշացրել է Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին հնարավոր գործողության մասին, որը կարող է իրականացվել նոյեմբերի սկզբին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Ամերիկացի պաշտոնյաները նաև հորդորել են դաշնակիցներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ ակնկալելով Իրանի պատասխան հարվածներն էներգետիկ օբյեկտներին և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներին։

Նախօրեին The Wall Street Journal-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, արդեն հաղորդել էր, որ Վաշինգտոնը տեղեկացրել է Պարսից ծոցի մի շարք երկրների՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ կարճատև, սակայն ինտենսիվ ռազմական գործողություններ նախապատրաստելու մասին։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ հավանական թիրախների ցանկում են իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռային համալիրներն ու անօդաչու թռչող սարքերը։