Սահմանադրության նոր նախագիծը պատրաստ կլինենք ներկայացնել նոյեմբերի կեսին։ Այս մասին Factor.am–ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Սա նախագիծ է լինելու, այսինքն մենք հասարակության դատին չենք ներկայացնում վերջնարդյունք, ներկայացնում ենք նախագիծ՝ բացելով հարթակ քննարկումների համար։ Մենք պատրաստվում ենք բավականին շատ ու երկար քննարկել նախագիծը հանրության բոլոր շերտերի հետ»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը դեմ են արտահայտվել նոր սահմանադրություն ընդունելուն, Գալյանը անտրամաբանական համարեց դեմ լինել մի բանի, որը դեռ չգիտես, թե ինչ է. «Ալիևի պահանջով այստեղ որևէ մեկը որևէ բան չի անում։ Գուցե իրենք իրենց հնարավորություն տան տեսնելու, թե ինչն է փոխվում և ինչու, հետո հանդես գան հայտարարություններով։
Արտահերթ ընտրությունների գնալը շատ լավ տարբերակներից մեկն է, այո, չի բացառվում, բայց հաստատապես որոշված չէ, և չի կարող որոշված լինել, քանի դեռ տեքստը հրապարակված չէ, քննարկումներ տեղի չեն ունեցել, հանրությունը չի գնահատել դրա բովանդակությունը։
Մի բան ուզում եմ ուրախությամբ նշել, որ առաջին անգամ ընդդիմությունը խորհրդի կազմում թեկնածու է առաջադրել։ Հույս ունեմ, որ «Ուժեղ Հաայաստանի» ներկայացուցիչը գալու է և մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին»,–ասաց նա։





























