Ազգային ժողովի դահլիճում, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը վերցնում է սեղանին դրված ջրով շիշը և փոխանցում նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանին։

Վերջինս էլ այն նետում է ընդդիմադիրների ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։

Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։

Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։