Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով ամերիկյան MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարքի առգրավման և Հորմուզի նեղուցի վերևում մեկ այլ՝ MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանական կողմի տվյալներով՝ երկու միջադեպն էլ գրանցվել է Պարսից ծոցի շրջանում։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ MQM-170 անօդաչուն որսացել են Հորմուզի նեղուցից արևմուտք՝ ռադիոէլեկտրոնային պայքարի հարձակողական գործողության ընթացքում։ Իրանցի զինվորականները պնդում են, որ իրենց հաջողվել է սարքը վայրէջքի բերել գրեթե անվնաս վիճակում։
Կորպուսի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն հետախուզական առաքելություն էր իրականացնում՝ տեղեկություններ հավաքելով Պարսից ծոցի ափամերձ գոտում և Հորմուզի նեղուցի շրջանում տեղակայված իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մասնագետներն ուսումնասիրել են սարքից դուրսբերված տվյալներն ու պարզել, որ այն օդ է բարձրացել Պարսից ծոցի հարավային երկրներից մեկի ափից։ Իրանական կողմը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետության մասին է խոսքը։
ԻՀՊԿ-ն հայտնել է նաև Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի երկնքում ամերիկյան MQ-1 անօդաչուի որսման և ոչնչացման մասին։ Կորպուսի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ սարքը խոցվել է նոր, գերժամանակակից ՀՕՊ համակարգով, որը համալրել է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի զինանոցը։
Իրանցի զինվորականներն այս դրվագը որակել են որպես ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման 14-րդ դեպք։




























