Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, այսօր` մայիսի 28-ին` Հանրապետության օրը, Սարդարապատի հուշահամալիր է այցելել ավագ որդու` Գոռ Աշոտյանի հետ:

Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդուն խոստացել էր, որ եթե իրեն խելոք պահի, դասերը լավ սովորի, կառատեի գնա, կբերի Սարդարապատի հուշահամալիր: «Մի քիչ դժվար էր երեխային վաղ առավոտյան արթնացնել, բայց քանի որ ցանկությունը մեծ էր, ամեն ինչ հաղթահարվեց»,- նկատեց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է  փոքր որդուն, Աշոտյանը նշեց, որ նրան խաբել եւ չեն ասել, թե ուր են գնում եւ ուղարկել են տատիկի եւ պապիկի մոտ:

NEWS.am-ի թղթակցի հարցին, որ եթե ավագ որդին իրեն շատ խելոք պահի, հնարավո՞ր է, իր հետ աշխատանքի տանի, Արմեն Աշոտյանն արձագանքեց, որ որդին իր աշխատասենյակում եղել է աշխատանքային  ժամի ավարտից հետո:

Անդրադառնալով մայիսի 28-ի օրվա խորհրդին, Աշոտյանն ասաց, որ իր համար այն նույնն է ինչ բոլոր հայերի համար:

«Սա հաղթանակի եւ պատմության վերարժեւորման, գնահատման եւ միավորման օր է»,- նկատեց ԿԳ նախարարը, ինչպես նաեւ կոչ արեց սիրով գնահատել մեր ունեցածը եւ ոչինչ չկորցնել: Նա, սակայն, չպատասխանեց քաղաքական հարցերի` մասնավորապես, թե գործադիրում ինչ պաշտոն է զբաղեցնելու: