Տարեկան որքա՞ն գումար է ծախսվում Երևանի Կոնդում գտնվող վարչապետի կեցավայրի պահպանման համար։ Մենք պարզապես ուզում ենք իմանալ, թե Հայաստանի քաղաքացիների համար որքան է արժենում վարչապետի կյանքի մեկ օրը։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։
Նա նաև մի շարք այլ հարցեր է ուղղել.
«Վարչապետը հիմնել է «Վարչաբենդ» վոկալ-գործիքային համույթը, որին ինքն էլ է մասնակցում։ Համերգներ են կազմակերպվել։ Այդ միջոցառումների ծախսերը հոգացե՞լ է վարչապետի աշխատակազմը։ Մասնակիցները հոնորարներ ստացե՞լ են։ Հատկապես հետաքրքիր է՝ որքան է ստացել թմբկահարը… Վարչապետը նաև երբեմն զբաղվում է իր անձնական նախասիրություններով։ Օրինակ՝ հեծանվասպորտով։ Բայց Սևանում երկօրյա հեծանվարշավի ընթացքում սննդի ծախսերը կազմել են շուրջ 5 մլն դրամ, և այդ ծախսերը կատարել է վարչապետի աշխատակազմը։ Կարո՞ղ եք հաշվետվություն ներկայացնել։ Ինձ, օրինակ, հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ են կերել 30 հոգին երկու օրվա ընթացքում՝ 5 մլն դրամի չափով»։
Մակունցն ի պատասխան հայտարարել է, որ մանրամասներ և կոնկրետ թվեր պահանջող բոլոր հարցերը պատգամավորները պետք է ներկայացնեն գրավոր հարցման ձևաչափով, որին անպայման պատասխան կտրվի։
«Ցավում եմ, որ Ազգային ժողով եք եկել անպատրաստ։ Երբ զեկույցով գալիս եք խորհրդարան, պետք է ունենաք այս կամ այն թեմային վերաբերող բոլոր հարցերի պատասխանները։ Մենք գիտենք գրավոր հարցումներ ուղարկելու մեր իրավունքի մասին և ցանկացած պահի կարող ենք օգտվել դրանից։ Հիմա, ըստ էության, քննարկվում է այն հարցը, թե արդյոք համաձայնություն տանք, որ հաջորդ տարի վարչապետը հեծանիվ վարի, թե ոչ։ Մենք պետք է իմանանք, թե դրա համար որքան գումար է նախատեսված, և որքանով է նպատակահարմար, որ պաշտոնյան իր նախասիրություններն իրականացնի հանրային միջոցների հաշվին։ Այս հարցերի պատասխանները պետք է հնչեն այստեղ», - ասել է Ղազարյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է.
«Ինչ վերաբերում է հեծանվարշավին և «Վարչաբենդին», վարչապետի աշխատակազմն այս երկու միջոցառումների անցկացման համար որևէ պետական միջոց չի հատկացրել»։











