Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, այդ միջոցառումներն անցկացվում են մրցութային կարգով, չափորոշիչները կսահմանվեն վարչապետի աշխատակազմի կողմից և կներկայացվեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով NEWS.am—ի հարցին, թե ի՞նչ չափորոշիչներով է որոշվում «Քաղաքացու օրվա» առթիվ վարչապետի աշխատակազմից հատկացվող գումարի չափը, 2027–ին «Քաղաքացու օրը» էլի խորովա՞ծ կանեն փողոցումթե, թե՞ խաշլամա։

«Մենք դեռ չենք սկսել չափորոշիչների մշակումը, ժամանակին կանենք և մրցույթը կհայտարարենք»,–ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ է արդարացված, որ դրսում սովորած անձանց, որոնք երկար ժամանակ Հայաստանում չեն եղել, տեղյակ չեն հայկական իրականությունից, վարչապետը փոխնախարարներ է նշանակում, Մակունցը պատասխանեց, որ ինքը կադրային հարցերով չի զբաղվում. «Այն ձևաչափը, որով որոշվել է, որ պետք է ներգրավվեն արտերկրում բուհերում սովորած երիտասարդները, կամ ոչ այնքան երիտասարդները, սահմանված չափորոշիչներով կա մրցութային հանձնաժողով, որի կազմում ես չկամ, և նրանք այդպես են ընտրվում»։