Բնականաբար բոլորը արդեն շատ լավ հասկանում են ձեռագիրը, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է. հետևելով վերջին օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, վստահաբար կարելի է ասել, որ խոսքը հավանաբար այն առաջարկի մասին է, որը Նիկոլ Փաշինյանը ուներ ընդդիմությանը և հիմա մենք տեսնում ենք փաստացի այս առաջարկը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տան բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Սամվել և Նարեկ Կարապետյանների, ինչպես նաև իրենց հետ առնչվող 60–ից ավելի հասցեներում համաժամանակյա խուզարկություններին։
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր դեպքերում Ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք ասելու ենք «ոչ» ալիևյան սահմանադրությանը և «այո» Հայաստանի անկախությանը։ Վստահաբար, սա առաջարկ է։
Ամեն ինչ պարզ է. «Ուժեղ Հայաստանը» դեմ է ալիևյան սահմանադրության ընդունմանը, դրա համար է այս ամեն ինչը նախաձեռնվել։ Անցած շաբաթ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ առաջարկով հանդես կգա, մի քանի օր անց տեղի է ունենում այս դրսևորումը»,–ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։











